Տնօրինությունից ուզում ենք ստանալ հոշոտված կենգուրուների լուսանկարները՝ հավաստելու համար փաստը
Այսօր Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի: Դեպքի վերաբերյալ Երևանի կենդանաբանական այգու անձնակազմը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է.
«Հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ քաղաքի Նոր Նորք զանգվածից:
Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող թվով 3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում, թեպետ շներից 3-ին հաջողվել է բռնել և առանձնացնել: Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ՝ շներին ըստ ՀՀ օրենսդրության վնասազերծելու և տարածքից տեղափոխելու նպատակով:
Տեղում ժամանել են Երևանի կենդանաբանական այգու մասնագիտացված անձնակազմը՝ կենդանաբույժների և կենդանաբանների թիմը, սակայն կենգուրուներին հնարավոր չի եղել փրկել: Արու կենգուրուները ժամանել էին 2018թ. հունիսին՝ Մոլդովայի հանրապետությունից, Քիշնևի կենդանաբանական այգուց նվիրատվության սկզբունքներով և պատրաստվում էին միանալ Ամստերդամի կենդանաբանական այգուց ս.թ դեկտեմբերին ժամանող էգերի խմբին՝ հետագա բազմացման նպատակով:
2011թ-ից ցայսօր Երևանի կենդանաբանական այգի թափառող շների մուտքի արդեն երրորդ դեպքն է, որի արդյունքում գրանցվում է կենդանիների անկում և/կամ ֆիզիկական վնասվածք, ինչը հետևանք է Կենդանաբանական այգու ողջ տարածքի ցանկապատման բացակայության, որ հնարավորություն է տալիս թափառող շներին և այլ կենդանիներին (աքիսներ, աղվեսներ և այլն) անարգել մուտք գործել և դուրս գալ այգու տարածքից:
Խնդիրը գտնվում է Երևանի կենդանաբանական այգու հիմնադրի՝ Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո և արդեն այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից սկսվել է այգու ողջ տարածքի պարսպապատման գործընթաց այգու անվտանգության ապահովումը իրականացնելու նպատակով:
Հաշվի առնելով խնդրի նրբանկատությունն ու կենդանիներին խնամողների էմոցիոնալ կապը կենդանիների հետ, կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ խնդրին ոչ ճշգրիտ գնահատականներ տալուց և աղբյուրից չճշտված տեղեկատվություն տարածելուց»։
Տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով Panorama.am-ը զանգեց այգու տնօրինություն, որտեղից սակայն զանգերին չպատասխանեցին։
Հավանաբար համոզված են, որ հաղորդագրությամբ փակել են բոլոր հարցերը։
Այնինչ դրանք կան՝
իսկ ինչպե՞ս են շները մտել կենգուրուների ճաղավանդակ,
ինչո՞ւ չի հաջողվել կանխել հարձակումը՝ չկա՞ն մշտական պահակներ
երեք կենգուրու ուտելը մի քանի րոպեի բան չէ՝ արդյո՞ք պայքարի ձայներ չեն լսվել
ինչ նրբանկատության մասին է խոսում կենդանաբանական այգու տնօրինությունը՝ երեք կենգուրուով երեք ոչ մեծ շների, փաստորեն, կերակրելուց հետո
որ խնամակալների մասին է խոսում տնօրինությունը՝ շների՞, թե կենգուրուների, ում է պետք խնայել
Նաև՝ ուզում ենք ստանալ հոշոտված կենդանիների նկարները՝ հավաստելու փաստը ընթերցողների համար՝ առանց դրանք հրապարակելու։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան