Լարսը «բեզռազմեռ» չի․ Միքայել Մելքումյան
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացնելով որոշ ցուցանիշներ՝ նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է, սակայն, բնական է, որ Վերին Լարսով բեռնափոխադրումների մասով խնդիրներ կառաջանան։
«Երեք տարի առաջ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 800 մլն դոլար, 2018թ-ին՝ 1.9 մլրդ դոլար, այս տարի նախատեսվում է, որ 2 մլրդը կանցնենք։ Հաշվի առնելով, որ առաջիկա երեք տարում առևտրաշրջանառությունն էլ ավելի է աճելու, իսկ «խողովակը» Վերին Լարսն է, ուստի այլընտրանքային ուղիների խնդիր է առաջանում։ Բացի այդ, եթե առևտրաշրջանառությունը մի քանի անգամ աճի, այդ հերթերի հարցը ո՞նց է լինելու»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ դիմելով Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին։
Նախարարը նշեց, որ աշխատում են այդ ուղղությամբ, մասնավորապես, հետագծելիության էլեկտրոնային համակարգի ներդրումով այդ հարցերը կլուծվեն։ Այսինքն՝ էլեկտրոնային հետագծելիության համակարգի ներդրման միջոցով հնարավոր կլինի բեռնափոխադրող ավտոմեքենաները, որոնք դուրս կգան Հայաստանից ու ուղղության կվերցնեն դեպի Ռուսաստան, էլեկտրոնային դրոշմակնիքի շնորհիվ Վերին Լարսի անցակետում կենթարկվեն ավելի պարզեցված մաքսային հսկողության։
«Դա թույլ կտա նույնիսկ երկու անգամ ավելի մեծ բեռնափոխադրումները նույն ենթակառուցվածքի պայմաններում իրականացնել այնպես, ինչպես այսօր տեղի է ունենում 2 մլրդ դոլարի դեպքում»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց. «Լարսի երկկողմանի թողունակությունը օրական 170 միավոր բեռնատար է, իրենց պնդմամբ՝ 800 են թողնում, այսինքն` մենք հաշվի առնենք, որ «բեզռազմեռ» չի լինելու, նույնիսկ էդ էլեկտրոնայինի պայմաններում ֆիզիկապես պետք է անցնի բեռնատարը»։