Բացվեց օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի մահարձանը
Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում այսօր բացվեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի ռեկորդակիր, 1980 թվականի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի մահարձանը: Աշխարհահռչակ ծանրորդը մահացել է մեկ տարի առաջ՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ին:
Մահարձանի բացմանը ներկա էին Յ. Վարդանյանի ընկերները, հարազատները, մարզական աշխարհի ներկայացուցիչները:
Արձանը ստեղծել է քանդակագործ Դավիթ Մինասյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ բրոնզե կիսանդրին ստեղծել է 2-3 ամսում, այդ ընթացքում հաճախ հանդիպել է ընտանիքի անդամների հետ:
«Մենք փորձեցինք ստանալ Յուրի Վարդանյանի երիտասարդի կերպարը, երբ նա դարձավ օլիմպիական չեմպիոն, ազգի հերոս: Փորձեցինք պատկերել ոչ պարզապես մարզիկ, օլիմպիական չեմպիոն, այլ ստեղծել լեգենդար, առասպելական կերպար, որ մտավ ժողովորիդ մեջ ու այդ ժամանակ ասում էին այսօրվա մեր Սասունցի Դավիթն է: Փորձեցինք հաղթողի մեծահոգի ժպիտը, դեմքի արտահայտությունը ստանալ: Հենց այդ ժպիտով, ինչ որ տեղ մի քիչ նատուրսալիստական, լուսանկարից մի քիչ շեղումներով՝ փորձեցինք առավել առասպելական, լեգենդար տպավորությամբ քանդակ ստեղծել»,- ասաց քանդակագործը:
Դ. Մինասյանը նշեց, որ ժպիտը նաև պահեցին ՝ չտխրեցելու արձանը:
ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն ասաց, որ միայն Յուրի Վարդանյանի անունը լսելիս՝ մարդ հպարտություն է ապրում, նա այն մարզիկն է եղել, որ Հայաստանի պատմության, սպորտի պատմության մեջ մեծ հետք է թողել:
«Մեկ տարի է մեզ հետ չէ, բայց նրա անունը շարունակում է հնչեղությամբ ապրել մեզ հետ, նրա վաստակը, նվաճումները շարունակելու են կրթել սերունդներ, երիտասարդներին, ովքեր իրենց առջև նպատակ են դնում նմանվել նրան:
Նրա ավանդը, ներդրումը մեծ է եղել հայկական ծանրամարտի զրագացման գործում: Յուրի Վարդանյանը համաշխարհային անունն է, ոչ միայն հայերինս է, այլ ողջ աշխարհինն է»,- նշեց փոխնախարարը:
Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի եռակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանն անձնապես ծանոթ է եղել Յուրի Վարդանյանի հետ, շփում են ունեցել իրար հետ:
«Մեր տներն իրար մոտ էին գտնվում: Միշտ շփվել եմ նրա հետ, սպորտային հարցերով խորհուրդներ էր տալիս: Նա կարողացել է իր փորձը փոխանցել մեզ, իր խորհուրդները մեզ շատ են օգնել: Նրա ներկայությունն արդեն ինձ համար մեծ ոգևորություն էր»,- ասաց նա:
Լեգենդար մարզիկը, Տ. Մարտիրոսյանի խոսքով, համեստ անձնավորություն էր, կարողանում էր իր փորձը ճիշտ ներկայացնել ու փոխանցել երիտասարդներին:
Հարցին՝ արդյո՞ք այսօրվա հայ մարզիկները կարող են կրկնել նրա հաջողությունները, Տ.Մարտիրոսյանն ասաց. «Մեր երիտասարդները մի 10-15 օր առաջ ցույց տվեցին մեր կարողությունները: Երկու աշխարհին չեպիոն ունեցանք: Սիմոն Մարտիրոսյանը դեռ 22 տարեկան է, արդեն երկու անգամ աշխարհի չեմպիոն է դարձել: Մյուս տարի օլիմպիական խաղերն են, սպասում ենք, որ հաղթանակով կվերադառնան: Եթե մեր Սիմոնը շարունակի նույն տեմպերով մարզվել, չթուլացնի, սպորտային հաջողություններն էլ իր հետ լինեն, հուսանք, կկարողանա Յուրի Վարդանյանի հաջողությունները կրկնել»:
Յուրի Նորայրի Վարդանյան ծնվել է 1956 թ. հունիսի 13-ին Գյումրիում։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։
1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ 1980 թվականին Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։ 1985 թվականին տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ։
1970 թվականից իր հորղեղբոր` Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով։ 1975-1976 թվականներին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։ 1977 թվից ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր։
1980 թվականին իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ։ Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց ռեկորդ` միջին քաշային կարգում բարձրացնելով 400 կգ։
Հաջորդ տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշային կարգում անգերազանցելի։ 1985 թվականին Յուրի Վարդանյանը հաղթեց աշխարհի առաջնությանը։ Նույն թվին նա ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել զբաղվել քաղաքական գործունեությամբ։
1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական և հասարականան գործունեությամբ։ Նա մարզել է իր տղային` Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում։
2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այդ պաշտոնում աշխատեց մինչև 2017-ի նոյեմբերը։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին հրաժեշտը՝ Յուրի Վարդանյանին
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին
- Սերժ Սարգսյան. Երջանիկ եմ, որ Յուրիին անձամբ ճանաչելու հնարավորություն եմ ունեցել
- Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով Հայաստան էր բերում մարզաշխարհի ոսկե պարգևները. Արա Բաբլոյան
- Մահացել է Յուրի Վարդանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա