«Նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը դարձնել 25500 դրամից 26500 դրամ»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 492.5 մլրդ դրամ, ինչը շուրջ 48 մլրդ դրամով ավելի է, քան 2019թ. ծրագրային ցուցանիշն է։ Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակների բարձրացմանը՝ միջինը 10 տոկոսով։
Նա հիշեցրեց, որ հաջորդ տարի նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի չափը դարձնել 26,5 հազար դրամ՝ 25,5 հազարի փոխարեն:
Նախարարը նշեց, որ 2020թ-ին աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կդառնա 18 000 դրամ 16000 դրամի փոխարեն, իսկ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ 800 դրամի փոխարեն։
Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ 26 500 դրամ՝ ներկայիս 25 500 դրամի փոխարեն (տարբերությունը՝ 1000 դրամ):
Զարուհի Բաթոյանը հայտնեց՝ նախատեսվում է, որ կբարձրանա շուրջ 33 646 զինկեսաթոշակառուների և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը: Ընդհանուր առմամբ, 502 հազար հոգու թոշակ կբարձրանա։
Մեծ-մեծ թվեր, իսկ յուրաքանչյուրին՝ համարյա ոչինչ։
Հարակից հրապարակումներ`
- Ի պաշտոնե իրավունք չունեմ հրապարակել որևէ գաղտնի փաստաթուղթ. Ռոմանոս Պետրոսյանը՝ աշխատավարձերի մասին
- Փաշինյանի պարզաբանումները՝ գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձ բարձրացնելու մասին
- Իշխանականների բարձրացված աշխատավարձի մասին լավագույններից
- Դանիել Իոաննիսյան. Նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացումը խայտառակություն է և օրենքի ոտնահարում