2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է: Առաջադրման փուլը պաշտոնապես մեկնարկել էր 2019թ. մայիս 16-ին՝ Միասին խաղաղ ապրելու միջազգային օրը, ընդգծելով միասին ապրելու և արարելու ցանկությունը՝ հանուն խաղաղ, համերաշխ, ներդաշնակ և կայուն աշխարհի ստեղծման: Մեկնարկից սկսած հարյուրավոր առաջադրումներ են ստացվել, որոնցից 593 չկրկնվող, եզակի թեկնածուներ են:
IDeA հիմնադրամից հայտնում են, որ բոլոր առաջադրված թեկնածուներին այժմ կուսումնասիրի և կգնահատի մարդասիրության ոլորտում հայտնի փորձագետներից կազմված խորհուրդը: Նրանք կառանձնացնեն հավանական թեկնածուներին, որոնք, ըստ նրանց, ամենաարժանին են «Ավրորա» մրցանակին: Գնահատման գլխավոր չափանիշներն են խիզախությունը, նվիրվածությունը և ազդեցությունը, որոնք դրսևորել են առաջադրված թեկնածուները: Դրանից հետո «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կընտրի 2020թ. «Ավրորայի» հերոսներին, որոնց անունները կհայտարարվեն 2020թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը:
Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ Արա Դարզին՝ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենը: Հանձնաժողովի կազմում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ և Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական և գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի
Գերգիևը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։
2020թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն 2020թ. ապրիլի 24-ին, որին կհետևեն մի շարք միջոցառումներ՝ մեծարելու մարդասերներին և «Ավրորա» մրցանակի հավակնորդներին: Միջոցառումները կեզրափակվեն 2020թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին
- Միրզա Դինայի` 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը
- «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը
- Նոր նամականիշ` նվիրված 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին
- Սինգապուրից՝ Շուշի. «Ավրորա» ֆորումի մեկնարկը
- «Ավրորա» նախաձեռնությունն ստացել է Հռոմի պապի հատուկ օրհնությունը՝ «Ավրորա» ֆորումին ընդառաջ
- Հռոմի պապը կընդունի «Ավրորա»-ի հերոսներին ու կազմակերպիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին