ԱԳ նախարար․ Հայաստանը պատրաստ է ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսությանը
«Մեզ համար չափազանց կարևոր է Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցը։ Մենք աշխատում ենք և ԵՄ հանձնաժողովի, և անդամ պետությունների հետ»,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մնացականյանը նշեց, որ այս հարցում Հայաստանն ունի ԵՄ հանձնաժողովի բացարձակ աջակցությունը, որն արտահայտվել է հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի կողմից, ինչը չափազանց կարևոր է՝ մոբիլիզացնելու այս գործընթացը նաև անդամ պետություններում։
«Երկկողմ մակարդակներով ևս աշխատում ենք, որ ունենանք վիզաների լիբերալիզացիայի երկխոսության գործընթացի մեկնարկ»,-ասաց ԱԳ նախարարն ու հավելեց, որ երկխոսության գործընթացը դեռևս չի նշանակում վիզաների ազատականացում, սակայն չափազանց կարևոր է՝ գործընթացն առաջ տանելու համար։
ԱԳ նախարարը նշեց, որ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատելու համար կա ձևավորված խումբ, մասնագետներ, որոնք պատասխանատու են միգրացիոն, սահմանների վերահսկման քաղաքականության համար, իրավապահ այլ գործընկերներ։
«ԱԳՆ-ն համակարգում է այս գործընթացը, և այս խումբն ուղարկվում է տարբեր մայրաքաղաքներ, որտեղ մեր գործընկերները ներգրավվում են անմիջական երկխոսության մեջ համապատասխան մասնագետների հետ՝ ի ցույց դնելու երկրում այն առաջընթացը, որը մեզ վստահություն է տալիս ընդգծելու, որ մեր երկիրը պատրաստ է սկսելու վիզաների ազատականացման երկխոսությունը»,-ասաց ԱԳ նախարարը։
Զոհրաբ Մնացականյանը նշեց նաև ԵՄ հետ վիզաների դյուրացման ու ռեադմիսիայի պայմանագրերի կարևորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան