Մենք որևէ փակուղի չենք տեսնում. ԱԳ նախարար
«Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը մշտապես կարևորագույն հարց է։ Չի կարող լինել իրավիճակ, երբ Ադրբեջանը շարունակում է ատելության քաղաքականությունը և սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացակայանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերին։
«Տեղի են ունենում զինադադարի խախտումներ, բայց, ընդհանուր առմամբ, կա խախտումների նվազում, և սա մեզ համար բացարձակ կարևոր հարց է»,- ասաց նախարարը։
Լրագրողների դիտարկմանը, թե բանակցային գործընթացում փակուղային իրավիճակ չէ՞, նա պատասխանեց. «Մենք որևէ փակուղի չենք տեսնում, շարունակում ենք շատ հանգիստ և սառնասիրտ աշխատել, որովհետև սա աշխատանք է, որը պետք է արվի։ Սա վերաբերում է մեր անվտանգությանը, վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության հաստատմանը։ Այստեղ զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ և պատասխանատու չէ»։
Ինչ վերաբերում է ներկա փուլին՝ Մնացականյանն ասաց, որ ինքը մշտապես աշխատում է Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
«Այս ամենը ղեկավարվում է մեր ղեկավարների կողմից։ Նրանք ֆորմալ առումով հանդիպել են մարտին, անցած ամիս շփվել են Աշխաբադում։ Սա գործընթաց է, որտեղ երկրներն են աշխատում, և երկրների ղեկավարների մակարդակով է ուղղորդվում բանակցային գործընթացը։ Այնպես որ, պարզունակորեն ասել, որ ղեկավարները չեն հանդիպում, և բանակցային գործընթաց չկա՝ թյուրըմբռնում է», - ասաց ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ բանակցություններում դինամիկա կա. «Կան լավ գաղափարներ, որոնք, հուսով եմ, հնարավոր կլինի կյանքի կոչել»։
Անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց. «Մենք ողջունել ենք այս իրողությունը, բանաձևի ընդունումը։ Սա շատ կարևոր է՝ բոլոր առումներով։ Մեզ համար՝ որպես ՀՀ, սա արդարության հաստատման առումով ներդրում էր, ողջունում ենք այդ բանաձևի ընդունումը։ Ընդունված բանաձևը չափազանց կարևոր է հայ ժողովրդի համար՝ արդարության հաստատման առումով, բայց նաև ավելի լայն իմաստով՝ նման ոճրագործությունների կանխարգելման առումով»։
Նա շեշտեց, որ սա շատ էական է նաև միլիոնավոր ամերիկահայերի համար։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. «Այսպիսի զարգացումներից հետո մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են»
- Շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ. Արցախի ՊՆ
- Արծրուն Հովհաննիսյան. Այս պահին սահմանին իրավիճակը հանդարտ է
- ՊՆ. Սադրանքներն անպատասխան չեն մնա