Հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում ծանր այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ցոլակյանը հրշեջ-փրկարարի հետ զրույցում նշել է, որ նրա և մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի գործողությունները խիզախության և հերոսության օրինակ են, և պետությունը՝ ի նշան երախտագիտության, մտադիր է պետական պարգևներ շնորհել նրանց:
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը նշել է, որ հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն առկա է որոշակի դրական դինամիկա:
Հիշեցնենք, որ հրշեջ-փրկարարը ծանր այրվածքներ է ստացել հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին հրաժեշտը՝ հերոս փրկարարին
- Այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիճակը դեռևս շարունակում է մնալ ծանր