Բարեգործությո՞ւն, թե՞ շորթում
Վրաստանի ամենահարուստ մարդն ու երկրի ոչ ֆորմալ ղեկավարը որոշել է գրեթե մի ամբողջ քաղաք գնել: «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պլանավորում է գնել Ցխալտուբո առողջարանային քաղաքի բոլոր հյուրանոցները, հանքաբուժական բաղնիքներն ու հին առողջարանները։ Այս մասին գրում է Jam News-ը։
«Պետությանն աջակցություն է պետք, և, քանի որ ես ունեմ և ցանկություն, և հնարավորություն, ապա աշխատում եմ թեթևացնել այն ծանր բեռը, որը տանում է վրացական պետությունը», – ասված է Բիձինա Իվանիշվիլիի հրապարակած նամակում։
Իվանիշվիլին գրում է, «քանի որ պետությունը տվյալ պահին Ցխալտուբոյի լիամասշտաբ վերականգնման համար միլիոնավոր ներդրումների համար ռեսուրսներ չունի», ապա ինքը որոշել է իրականացնել Ցխալտուբոյի զարգացման նախագիծը։
Նա հստակ թվեր է նշում։ Նրա խոսքով՝ ինքը պլանավորում է գնել Ցխալտուբոյի բոլոր հյուրանոցները (22 միավոր), բաղնիքները (9 միավոր) և զարգացում ապահովել՝ միասնական պլանի համաձայն և մեկ հայեցակարգի շրջանակում։
Հայտարարությունում ասվում է, որ նախագծի իրականացման ցանկացած փուլում Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է թույլ տալ ցանկացած ներդրողի մասնակցել նախագծին, եթե նման մեկը հայտնվի։
«Բնականաբար, խոսքն ինձ հասնող ինչ-որ շահույթի մասին չէ, օբյեկտները կզիջվեն ներդրողին ինքնարժեքով, իսկ բիզնեսին հետաքրքրելու համար ես հիմա արդեն ասում եմ, որ օբյեկտները վաճառվելու են զեղչով, ավելին՝ զգալի զեղչով», – գրել է Իվանիշվիլին։
Նրա խոսքով՝ Ցխալտուբոյի զարգացման պլանն արդեն մշակվել է, և դրանով զբաղվել է շվեյցարական KohL&Partners ընկերությունը։
Նրա հաշվարկներով՝ նախագծի իրականացումից հետո Իմերեթիի շրջանում 15-20 հազար մարդ աշխատանքի կտեղավորվի։
Խորհրդային տարիներին Ցխլտուբոն պոպուլյար հանքաբուժական առողջարան էր, որը հայտնի էր իր բացառիկ բուժիչ ջրերով, ինչպես նաև ստալինյան կայսրությանը բնորոշ հսկայական և պերճաշուք ճարտարապետական կառույցներով։ Այսօր պատկերը մտահոգիչ է։
Չի բացառվում, որ պետության հաշվեկշռում գտնվող Ցխալտուբոյի գույքը Բիձինա Իվանիշվիլիին փոխանցվի խորհրդանշական 1 լարի գնով։
Էկոնոմիկայի զարգացման նախարար Նաթիա Տուրնավան լրագրողներին հայտարարել է, որ պետությունը պատրաստ էր այդ ողջ տնտեսությունը ցանկացած ներդրողի փոխանցել մեկ լարիով, որն ուզում է Ցխալտուբոյի մեջ գումար ներդնել։ Միաժամանակ նախարարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Իվանիշվիլին պատրաստ է գնել այդ ողջ գույքը, որը պետության հաշվեկշռում է գտնվում։ Նրա խոսքով՝ ինքը դա նկատի չուներ, թեև Տուրնավան նման սցենարի հավանականությունն էլ չի հերքել։
Իշխանությունների ներկայացուցիչներն Իվանիշվիլիի նախաձեռնությունն անվանում են չտեսնված օգտակարության նախագիծ և աննախադեպ բարեգործության ակտ։
Այլ կերպ է կատարվածին վերաբերվում ընդդիմությունը։ «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ռոման Գոցիրիձեն հերթական սուտ է անվանում այն, որ Իվանիշվիլին Ցխալտուբոն կվերականգնի սեփական փողերով՝ առանց եկամուտ ստանալու նպատակի։
Ցխալտուբոյի վերականգնման վերաբերյալ Իվանիշվիլիի պլաններն ակտիվորեն քննարկում են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Ըստ Bloomberg-ի գնահատականի՝ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը 5.37 մլրդ դոլար է։ Նույն աղբյուրի տվյալներով՝ միայն վերջին շաբաթում նրա կարողությունն ավելացել է 20 մլն դոլարով։