Ի՞նչ փուլում է ՌԴ կողմից ՀՀ ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի օգտագործման ընթացքը
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի օգտագործման ընթացքին, հետագա հեռանկարներին և երկարաձգման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ներկայացնելով ՌԴ կողմից Հայաստանի ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի պատմությունը, նշել է, որ այն տրամադրվել է 2015 թվականին:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ներգրավված 270 մլն դոլար վարկի եւ 30 մլն դոլար դրամաշնորհի նպատակն է եղել կայանի շահագործման ժամկետը երկարաձգել 10 տարով: Զեկուցողը հիշեցրել է, որ ատոմակայանի շահագործման նախագծային ժամկետը լրանում էր 2016 թվականին: Նշվել է, որ ատոմակայանի վերազինման աշխատանքները, ըստ կազմված գրաֆիկի, պետք է ավարտվեին 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին: Սակայն, Հակոբ Վարդանյանի խոսքով, որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այդ աշխատանքները չեն ավարտվել: Մասնավորապես նշվել է, որ վերազինման աշխատանքների պլանավորման հարցում եղել են թերացումներ:
«Վարկային և դրամաշնորհային միջոցներից մինչև տարեվերջ կօգտագործվի մինչեւ 200 մլն դոլարը, իսկ 100 մլն դոլարի աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա երկու տարիների ընթացքում: Քանի որ վարկի օգտագործման ժամկետը լրանում է այս տարվա վերջ, ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է ՌԴ ֆինանսների նախարարությանը՝ վարկի օգտագործման ժամկետը երկարացնելու մինչև 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ը»,- նշել է փոխնախարարը:
Դրան զուգահեռ Կառավարությունը դիմել է վարկի մայր գումարի մարման գրաֆիկը երկու տարով երկարաձգելու համար: Ըստ Հակոբ Վարդանյանի՝ ՀՀ ատոմակայանի վերակառուցման աշխատանքների ավարտից հետո, բացի շահագործման ժամկետի երկարաձգումից, նաև նախատեսվում է բարձրացնել կայանի արդյունավետությունը, ինչը լրացուցիչ մուտքեր կապահովի եւ կթեթևացնի վարկի մարման բեռը:
Նախնական քննարկումների արդյունքում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել երկարացնելու օգտագործման ժամկետը, սակայն դեռ պատասխան չի տվել վարկի մարման գրաֆիկի հետաձգման վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը և հանձնաժողովի անդամները հարցեր են ուղղել փոխնախարարին եւ ոլորտի պատասխանատուներին. դրանք վերաբերել են էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հնարավորությանը, ատոմակայանի նոր ենթակայանի կառուցմանը, ռադիոակտիվ թափոնների տեղաբաշխման անվտանգությանը, վարկի տոկոսադրույքերի հաշվարկին եւ այլն:
Հայ խորհրդարանականները կարեւորել են նմանատիպ քննարկումների կազմակերպումը՝ ընդգծելով, որ դրանց ընթացքում հնարավոր է լինում տեղեկանալ եւ քննարկել երկրի համար կարևոր հարցեր: