Հիշատակի երեկո՝ նվիրված Գիա Կանչելիին
Նոյեմբերը 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում երեկո կնվիրվի վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին։
Գիա Կանչելին հրավիրված է եղել մասնակցելու կոմպոզիտորական փառատոնին, սակայն նա կյանքից հեռացել է մոտ մեկ ամիս առաջ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան «Գրեմմի» մրցանակակիր, ջութակահար Գիդոն Կրեմերը և թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեն։ Համերգին կմասնակցեն նաև «Այբ» դպրոցի երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գիա Կանչելիի ստեղծագործությունները։
Լատվիայում ծնված և այժմ աշխարհի լավագույն ջութակահարներից մեկը համարվող Գիդոն Կրեմերը հանդես է գալիս լավագույն նվագախմբերի հետ, ամենահայտնի դիրիժորների ղեկավարությամբ։ Նա նաև հետաքրքիր գրական ստեղծագործական կյանք ունի։ Նա չորս գրքի հեղինակ է, որոնցից վերջինը գրվել է 2013 թվականին և կոչվում է «Նամակներ երիտասարդ դաշնակահարին»։ Նա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Հայ հանդիսատեսն այժմ հնարավորություն ունի վայելելու ջութակի այս մեծ վարպետի կատարումները։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մեր առաջնահերթություններից է քաղաքացիներին մշակույթին ավելի հաղորդակից դարձնելը. Փաշինյան
- Հայաստան են գալու աշխարհի լավագույն կոմպոզիտորները, որոնց հետևում, փնտրում է աշխարհը
- «Ժամանակակից դասականներ» փառատոնը Երևանում կհամախմբի աշխարհահռչակ կոմպոզիտորների
- Մահացել է կոմպոզիտոր Գիա Կանչելին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան