Դավիթ Սամվելյանի՝ «հակաՔԱՂԱՔական»-ը
Ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի նոր՝ «հակաՔԱՂԱՔական» գիրքն արդեն ընթերցողի սեղանին է: Panorama.am-ի հետ զրույցում նա նախ ընդգծեց, որ երկու տարվա աշխատանքի արդյունքում ծնված գիրքը քաղաքականության հետ կապ չունի:
«Գրքի վերնագիրը շատ մարդկանց մոլորության մեջ է գցում, որ քաղաքական մոտիվներ ունի: Այնքան է քաղաքականությունը լցված մեր առօրյա, որ այդ «հակա»-յին անգամ ուշադրության չեն դարձնում: Բայց վերնագրում հենց «քաղաք» բառն առանձնացված է՝ շեշտելով, որ առաջին նյութը, գաղափարը հենց քաղաքն է:
Քաղաքը ես միշտ ասոցացնում եմ մարդկանց հետ՝ «և ինչ են քաղաքները, եթե ոչ մարդիկ»: Գրքում հերոսներն ապրելով քաղաքային միջավայրում, շատ բաներում տարբեր են՝ և մտածելակերպով, և կենցաղով, կարծես դեմ դուրս գան այն մթնոլորտին, ինչում մենք ապրում ենք»,- ասաց գրողը:
Դավիթ Սամվելյանի խոսքով, իր իմացած քաղաքը՝ Երևանն, ամեն օր փոփոխվում է, ցավոք սրտի, մինչև օրս դեպի վատն է փոխվում. «Ինչ-որ ուզում են լավ փոփոխություններ անել, բայց շատ բաներում շատ ուշացած է: Բացի այդ, չկան այն մարդիկ, ովքեր ապրել են այս քաղաքում ու կոլորիտ են ստեղծել, իսկ ովքեր էլ կան կոլորիտ ստեղծողներից, չգիտես ինչու, երկրորդ պլան են մղված: Մարդկանց կյանքում ուրիշ արժեքներն են առաջնային դարձել»:
Դ. Սամվելյանի հերոսները կրում են արժեքներ, որով հանդերձ մտնում են քաղաքական իրավիճակների մեջ, հանդիպում են իրավիճակների, բայց դեմ են կանգնում, կրողը չեն հանդիսանում:
«Գրքում նաև ներկայացված են մեր հասարակության մեջ տիրող, բայց իմ կողմից անընդունելի երևույթներ»,- ասաց գրողը:
Նրա խոսքով, գիրքն ամբողջությամբ դեմ է քաղաքականացված մթնոլորտին, դրան զուգահեռ որևէ քաղաքական ուժին ուղղված հատուկ մեսիջներ չկան, ընթերցողները թող չփնտրեն: Դ. Սամվելյանը նշեց, որ գիրքը բազմաշերտ է, որոշ ընթերցողների կարող է դուր գալ սիրո պատմությունները, որոշներին՝ ավելի շատ գաղափարական պահերը: Հիմնական ընթերցողներն այսօր, նրա խոսքով, 17-40 տարեկաններն են, հենց նրանց միջից էլ կլինեն հենց իր գիրքը կարդացողները:
Դ. Սամվելյանի հաջորդ գիրքն, ամենայն հավանականությամբ, կլինի վեպ: Ասաց, որ սկսում է վեպի վրա աշխատել, որն ավելի ժամանակատար է, քան պատմվածքներ գրելը:
«Չեմ շտապում, մի քիչ դադար է պետք լցվելու համար: Ամեն գիրք տպագրելուց հետո լրիվ դատարակվում ես, լցվելու ժամանակ է պետք: Բացի այդ՝ այս կյանքում ամեն ինչն իր ժամանակ ունի»,- ասաց նա:
Դավիթ Սամվելյանը համամիտ չէ այն կարծիքներին, որ այսօր հասարակությունը գիրք չի կարդում:
«Շատ լավ կարդում են, ինչի համար բոլոր պայմանները ստեղծված են, գրքի ոլորտում աշխատողներն ամեն ինչ արել են գիրքը որպես արժեք նորից վերականգնվի: Գրադարաններն ակտիվացել են, ովքեր գումար չունեն, օգտվում են ընթերցասրահներից, գրադարաններից»,- ասաց նա:
Գրողը համոզված է, որ հիմա ավելի շատ են կարդում, քան 1990-ականներին կամ խորհրդային տարիներին:
«Գիրքն այդ ժամանակ հասանելի էր, բոլորի տներում կար, բայց չէին կարդում, առավելագույնը՝ պատմական ժանրի կամ պոեզիա: Իսկ հիմա բազմաժանր գրականություն է առաջարկվում»,- նշեց Դավիթ Սամվելյանը:
Նա կարևորում է այն, որ հիմնական ընթերցողը հենց երիտասարդ, ձևավորվող սերունդ է, սակայն կարևոր է նաև այն, թե ինչ է կարդում:
«Ընթեցանությունը բացի պարտադիր լինելուց, պետք է նաև հաճելի լինի»,- ասաց երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանը:
«հակաՔԱՂԱՔական»-ը Դավիթ Սամվելյանի 3-րդ գիրքն է: Առաջին երկուն են՝ «Ռոդենի ձմեռը» և «Արտագաղթած կարոտ» բեսթսելերները: