Փաշինյանը նվիրատվություններ է անում պաշտոնական Մոսկվային. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Հայ-ռուսական օրակարգի հարցերը շատ են՝ գազի գնից մինչեւ կոմունիկացիոն հնարավորությունները, սակայն դրանց շուրջ Հայաստանի ու ՌԴ ղեկավարության միջեւ կա՛մ քննարկում չկա, կա՛մ էլ քննարկումն իրականացվում է փակ ռեժիմով։ Այս կարծիքն արտահայտեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեր զրույցում։ Սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ կան հարցեր, որոնք հուզում են Ռուսաստանի իշխանություններին, եւ նրանք փորձում են հետեւողական քայլեր անել։
Խոսքը, ըստ քաղաքագետի, օրինակ, կենսաբանական լաբորատորիաների մասին է, որոնք, ըստ չհերքված լուրերի, քննարկման թեմա են դառնալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մոտալուտ այցի ժամանակ։ «Մենք գիտենք, որ ՀՀ իշխանությունները վաղուց են հնարավորություն տվել ՌԴ իշխանություններին հետեւելու, թե ինչ է ուսումնասիրվում այդ լաբորատորիաներում, ինչ նպատակով են դրանք բացվում եւ այլն։ Երկրորդը Սիրիա հայկական զորք ուղարկելու խնդիրն է, եւ այս հարցում կրկին Ռուսաստանը հասել է իր նպատակին։ Հայկական զինուժը Սիրիայում ծառայություն է իրականացնում»։
Ըստ քաղաքագետի՝ հայտնի չէ, թե ՌԴ 102-րդ ռազմաբազայի պոտենցիալի ավելացումն ինչ է տալու Հայաստանին։ «Եթե դա մեր անվտանգության մակարդակի բարձրացումն է, կարծում եմ, որ պաշտոնական Երեւանը պետք է բաց խոսի այս մասին եւ գոնե հասկացնի, թե ինչում է բանը, եւ կրկնակի ուժեղ ռազմաբազան Երեւանում ինչ խնդիրներ է լուծելու։ Մեր իշխանությունները որեւէ մեկնաբանություն չեն տալիս, թե խոսքն ինչ պոտենցիալի մասին է՝ ռազմական, քանակահան, ինչի՞ համար է պետք, որպեսզի այդ պոտենցիալն ավելացվի, ի՞նչ սպառնալիք կա Թուրքիայի կողմից տարածաշրջանում, որտեղ իրեն ապահովագրելու համար ՌԴ-ն ուզում է ավելի լուրջ պոտենցիալ ունենալ մեր երկրում։ Սրանք հարցադրումներ են, որոնց մասին չի խոսվում, կամ դրանք փակ ռեժիմով ընթացքող հարցեր են։ Ելնելով այս իրավիճակից՝ կարծում եմ, որ ՌԴ-ն իր համար կարեւոր հարցերում պարտադրանքի մեթոդներ է կիրառում Փաշինյանի վրա, կամ, որը հավանական է, Փաշինյանը ռուսական էլիտայում ավելի մեծ վստահություն ձեռք բերելու համար պարզապես նվիրատվություններ է անում պաշտոնական Մոսկվային։ Այստեղ Հայաստանի շահը միշտ չէ, որ հստակ ընդգծված է լինում»»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին