Վազգեն Մանուկյան. Քաղաքական պայքարում շատ հզոր պետք է լինես, որ թույնով ու ատելությամբ չլցվես
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը համոզված է, որ նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցությունը կարևոր դեր կկատարի Հայաստանի քաղաքական դաշտում՝ ճանաչելով կուսակցության հիմնադիրներին, իմանալով նրանց տեսակետներն ու անցած ուղին: Կուսակցության հիմնադիր համագումարում ունեցած ելույթում նա նշեց, որ կուսակցություններն առաջանում են պայքարների ժամանակ, Հայաստանում կուսակցություններ ստեղծվեցին նաև 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
«Ղարաբաղյան շարժումը շատ խնդիրներ լուծեց, որոնք դրված էին իր առջև, նաև շատ շեղումներ ունեցավ: Ինչ-որ տեղից հետո, երբ որ ընտրություններն արդեն չէին դարձել քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու մեխանիզմ, կամաց-կամաց այդ կուսակցությունները վերացան կամ թուլացան քաղաքական ասպարեզում»,- ասաց Վ. Մանուկյանը:
ՀԽ նախագահի խոսքով, հիմա մի նոր փուլ է սկսվում, կարծում է՝ առջևում դեռ շարունակվելու է պայքարն իրական, ազգային, ժողովրդավարական պետություն կառուցելու համար, կառուցելու պետություն, որը ժամանակակից է, արդիական է, միաժամանակ խարսխված է ազզային արժեքների վրա:
«Դատարկ դաշտը լցվելու է նոր ու հզոր կուսակցություններով: Կարծում եմ՝ սա այդ կուսակցություններից մեկն է»,- նշեց Վ. Մանուկյանը:
Նա ասաց, որ քաղաքականությունն անընդհատ պայքար է, և միայն կազմակերպչական աշխատանքներով չեն կարող մարդիկ գրավել:
«Պայքարը դժվար գործ է, պայքարի ժամանակ առաջանում են հակառակորդներ: Շատ հզոր պետք է լինես, որ թույնով ու ատելությամբ չլցվես հակառակորդների նկատմամբ: Պայքարի ժամանակ կուսակցությունը դառնում է մի ընտանիք, եղբայրություն, մեծ բարոյական ուժ է պետք, որ դա չդառնա թայֆա, անկանոն բան:
Եթե հանկարծ մի օր հաջողվի գաք իշխանության, ձեզ մյուս վտանգն է սպառնում. դուք կարծում եք, որ ամենախելքոն եք, ամենակարողն եք, քանի որ դուք մտածում եք պետության, ժողովրդի մասին, երբեմն կարող եք օրենքները խախտելով դա անել ու վերցնեք բանաձևը, որ նպատակն արդարացնում է միջոցը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ազգային օրակարգ» կուսակցությունը դիրքավորվում է որպես ընդդիմություն եղած իշխանությանը
- Վազգեն Մանուկյան. Այն, ինչ կատարվում է, խայտառակություն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան