Թբիլիսիի կամրջի նորոգման ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են Խոջիվանք
Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԵԱ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի և Վրաստանի մշակութային հուշարձանների պահպանության ազգային գործակալության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են իրենց նախկին տեղը՝ Խոջիվանքի հայկական պանթեոն։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Նախորդ դարի առաջին կեսին կամրջի շինարարության ժամանակ որպես շինանյութ օգտագործված շիրմաքարերը բերվել էին Խոջիվանքից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանում ստեղծվել է հանձնաժողով, որը որոշելու է, թե ինչ պետք է լինի շիրմաքարերի հետ, որոնք հայտնաբերվել են Թբիլիսիի Չոր կամրջի վերակառուցման ժամանակ։