ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատանը նշվեց էմիրաթական դրոշի օրը
Արաբական Միացյալ Էմիրությունները յուրաքանչյուր տարի այսօրը՝ նոյեմբերի 3-ին, նշում է իր դրոշի օրը, այդ մասին առաջին անգամ հայտարարել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը 2013թ։
ԱՄԷ դրոշի օրվա կապակցությամբ այսօր ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը կազմակերպել էր դրոշին նվիրված միջոցառում․ ԱՄԷ հիմներգի ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսսա ալ-Կատտամ ալ-Զաաբին բարձրացրեց ԱՄԷ դրոշը դեսպանության շենքի վրա։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի պարալիմպիկ մարզիկներ, դպրոցականներ և ուսանողներ, հյուրեր։
«ԱՄԷ-ի դրոշի օրը խորհրդանշում է մեր նվիրվածությունը մեր երկրին, հայրենիքին։ Դրոշը մշտապես պետք է բարձր լինի, դեպի երկինք խոյանա։ ԱՄԷ-ի ու նրա ժողովրդի համար այս օրը խորհրդանշում է իր սերը դեպի հայրենիքը, ապագայի նկատմամբ ձգտումները, ինչպես նաև հիշատակում է ԱՄԷ ժողովրդին, որոնք զոհաբերել են իրենց՝ երկիրը կառուցելու գործում։ Մենք միշտ ասում ենք, որ աստվածն է, հայենիքն է մեր երկրի նախագահը»,-այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսսա ալ-Կատտամ ալ-Զաաբին։
Դեսպանության երկրորդ քարտուղար Ահլամ ալ-Սալամին Panorama.am-ին ասաց, որ դրոշի օրվա տոնակատարությունների ժամանակ էմիրաթցի կանայք հարգանքի տուրք են մատուցում պետության առաջնորդներին և հայրենիքին, ովքեր դուռ են բացել նրանց առաջխաղացման և երկրի առաջընթացին մասնակցության համար։
Նշենք նաև, որ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան ամբողջական ֆինանսավորմամբ Հայաստանի 3 պարալիմպիկ մարզիկներ Դուբայում կմասնակցեն Պարա-ատլետիկայի աշխարհի 2019-ի առաջնությանը, որը կանցկացվի նոյեմբերի 7-ից 15-ը։ Այս առաջնությանը մասնակցելու կարևորությունը նաև նրանում է, որ հայ մարզիկները հնարավորություն կունենան հաջողության դեպքում նվաճել Տոկիո 2020 օլիմպիական խաղերի մասնակցություն։
Միջոցառումից հետո ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Զաաբին հանդես եկավ դասախոսությամբ և ներկայացրեց Էմիրությունների հիմնադրման և դրոշի ստեղծման պատմությունը հայ ուսանողներին։
Դրոշը կազմված է կարմիր, կանաչ, սպիտակ և սև գույններից, որը խորհրդանշում է արաբական միասնականությունը։ Սպիտակ գույնը խորհրդանշում է բարեգործությունը և աշխարհում անվտանգության և խաղաղության աջակցությանն ուղղված պետության մոտեցումը, կանաչ գույնը խորհրդանշում է զարգացումն ու բարգավաճումը, կանաչ բնությունը, քաղաքակրթական վերելքը, սև գույնը խորհրդանշում է քաղաքացիների ուժն ու կամքը և ծայրահեղականության և անարդարության մերժումը, իսկ կարմիր գույնը՝ Էմիրությունների զավակների թափած արյունը հանուն էմիրությունների հիմնադրման։ Դրոշի հեղինակն է Աբդալլահ Մուհամմադ ալ Մաինան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան