Եթե բանակցային գործընթացում կա դինամիկա, ապա այն բացասական է. Աշոտյան
Փաշինյանի հայտարարությունը մանիպուլատիվ է առ այն, որ շփման գծում երբեք այդքան հանգիստ չի եղել: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այո, ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է լարվածություն, սրացումներ, բայց ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նույնպես երկար ժամանակ չէր դիմում ագրեսիվ գործողությունների: Հակառակորդը ապրիլյանից հետո երկար ժամանակ սսկված էր, եւ սա վերագրել ձեզ, կամ Դուշանբեի վերելակին, այնքան էլ ազնիվ չէ, նամանավանդ, որ վերջին շրջանում լարվածություններ եղել են»,- ասաց նա:
Աշոտյանը հիշեցրեց, որ Փաշինյանը հանդուրժում էր Արցախի նախագահի գլուխը քարով ջարդելու մասին, կամ անձամբ սպառնում գեներալներին` ասելով «հանգիստ նստեք տեղներդ», կամ ժպտում, երբ Արցախի նախագահին մարզպետ են կոչում բեմում, իսկ այսօր մեծ ուրախությամբ հայտարարում է, որ տարաձայնություններ չկան Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ:
«Այս ամենը դուք եք արել եւ վերագրել այն ձեր շրջապատին, նույնքան անբարոյական ու անազնիվ, որքան անազնիվ է թիրախավորել ներքաղաքական ընդդիմախոսներին եւ հանգիստ թողնել Ալիեւին եւ իր քարոզչամեքենան»,-ասաց նա:
Աշոտյանի խոսքով` անհասկանալի է, թե ինչպիսի փաթեթ է որդեգրել Արցախի հարցի կարգավորման հարցում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր, որ ինչքան էլ տարօրինակ լինի, բայց բանակցային գործընթացում դրական դինամիկա կա: