«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը երաժշտական աշխարհում սահմանում է նոր նշաձող
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի համերգներից երկրորդը նվիրված է եղել չինացի մեծ կոմպոզիտոր Ցիգան Չենին։ Նրա երաժշտությունը Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրին ջութակահար Նին Ֆենը՝ կատարելով «Տառապանքի հաճույքը» վերնագրված ջութակի կոնցերտը, և դաշնակահար Ռեմի Ժընիեն՝ ներկայացնելով Ցիգան Չենի Դաշնամուրի կոնցերտը՝ «Էր Հուանգ»։ Նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է նաև «Հեռացում» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ Ցիգան Չենի երաժշտությունը Հայաստանում հնչել է առաջին անգամ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նկատել է, որ թեև մեր երկրում չինացի ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործությունը հնչում է առաջին անգամ, սակայն նա շատ հայտնի և պահանջված կոմպոզիտոր է Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ Նրա գործերը տպագրում են լավագույն հրատարակիչները, և այդ ստեղծագործություններն աշխարհում անընդհատ գտնվում են շրջապտույտի մեջ։ Սարգիս Բալբաբյանի տեղեկացմամբ՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը շատ լավ մեկնաբանվում է եվրոպական և ասիական հարթակներում, կան շատ հետաքրքիր արձագանքներ։ Եվ կարևոր է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողանում է կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնցով երաժշտական աշխարհում սահմանում է նոր նշաձող։
Նոյեմբերի մեկից ինն անցկացվող «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հիշատակի երեկո՝ նվիրված Գիա Կանչելիին
- Հայաստան են գալու աշխարհի լավագույն կոմպոզիտորները, որոնց հետևում, փնտրում է աշխարհը
- Հոկտեմբերի 31-ին կմեկնարկի հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը
- «Ժամանակակից դասականներ» փառատոնը Երևանում կհամախմբի աշխարհահռչակ կոմպոզիտորների