«Հեռուստամարաթոն-2019»-ի միջոցները կուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերին
Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո, որն ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ժամը 22:00-ին։ 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդմամբ, «Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։
«Հայաստան» համահայկական հիմնադրամից նաև հայտնում են, որ գործարկվել է առաջատար տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի մեր նոր կայքը նույն հասցեով, որը Հիմնադրամի աշխատանքները դարձնում է լիովին թափանցիկ ու հաշվետու համայն հայությանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս առցանց նվիրատվություններ կատարել ձեր նախընտրած ձևաչափով։ Նոր կայքի հնարավորություններին, ինչպես նաև առցանց նվիրատվության մեխանիզմին կարող եք ծանոթանալ՝ այցելելով https://www.himnadram.org/hy/donate։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան