Արևշատի բնակիչները պահանջում են իրենց համագյուղացու խափանման միջոցը փոխել
Արարատի մարզի դատախազության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Քաղաքացիները պահանջում են փոխել իրենց համագյուղացի՝ Արևշատ գյուղի բնակիչ Գրիշա Հակոբյանի խփանման միջոց կալանավորումը, քանի որ վերջինս հիվանդ է:
«Իմ եղբայրը չէր պատրաստվում վերադառնալ Գերմանիայից, քանի որ բուժման պրոցեսի մեջ էր: Նամակ է գրել դատախազություն, քննչական կոմիտե, ներկայացրել է բժշկական թղթերը, նշել է, որ քաղցկեղով հիվանդ է, բուժվում է: Բժշկական թղթերում նշված է, որ 5 տարի պետք է բուժում ստանա, իրավունք չունեն ինքնաթիռ նստեցնեն: Արձագանքել էին, որ կսպասեն բուժումը վերջացնի: Գնում է ստուգումների, կալանավորել են: Հարցրել է, թե ինչու են կալանավորում, ասել են՝ ձեր երկրի ղեկավարությունը, առողջապահությունը մեզ գրություն են ուղարկել, որ Գրիշա Հակոբյանին կարող ենք մեր երկրում բուժել: Ճանապարհել են Հայաստան, տարել են միանգամից ոստիկանություն, ուր մնացել է երեք օր, մի քանի անգամ կանչել են շտապ օգնության մեքենան: Նա կալանավորվել է, այժմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է»,- պատմեց Հ. Հակոբյանի եղբայրը:
2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Նրա եղբայրը նշեց, որ Գրիշան չի հարվածել որևէ մեկին, ընդամենն օգնել է մեքենա նստել ու տարել է տուն:
«Ճանապարհին մեքենայի դուռը բացել է կամ բացվել է, ընկել է այդ քաղաքացին. Գլուխը հարվածել է գետնին: Մեքենան վարել է եղբայրս: Մեքենայի մեջ եղել են երկուսով»,- ասաց նա:
Նշում են, որ տուժողը բողոք չի ներկայացրել: Տուժող Ավետիս Հովհաննիսյանն ասաց, որ որևէ բան չի հիշում, երբ դուրս է գրվել հիվանդանոցից, Գրիշան պատմել է, որ իրեն ճանաչելով տուն է տարել. «Ես դրսում պպզված եմ եղել, ինքն է ինձ օգնել: Ու ինքը ճիշտ է ասում: Բողոք չունեմ, Գրիշան ինձ օգնել է որպես հարևան գյուղի բնակիչ»:
Բողոքող քաղաքացիներին հանդիպեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը: Նա ասաց, որ Գ. Հակոբյանի նկատված հարուցված է քրեական գործ՝ ծանր հանցագործություն կատարելու պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և ՀՀ սահմանն ապօրինի հատելու հոդվածներով: Դատախազը նաև ասաց, որ իրենք մեկ տարի Գերմանիայի իրավապահ մարմինների հետ թղթակցության մեջ, երբ հայտնել են, որ Գրիշան քաղցկեղի բուժումից հետո դեղորայքային բուժման է անցել, ՀՀ արդարադատության նախարարությունն էլ ներկայացրել է երաշխիքներ նրա պատժի պահման պայմանների վերաբերյալ, որոշում է կայացվել նրան արտահանձել Հայաստան:
Ս. Հովհաննիսյանն ասաց, որ այստեղ նրան կալանավորելու բոլոր հիմքներն առկա են, ներկայացրեց նաև այլ տարբերակներ, որոնց դեպքում հնարավոր է փոխել Գ. Հակոբյանի խափանման միջոցը: