«Դասարան + Դասական»
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի առաջին՝ նախընտրական փուլը: Ծրագիրը մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։ Երևանյան դպրոցներից մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 250 աշակերտներն այսօր հյուրընկալվել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
«Կասկած չունեմ, որ այսօր պատմական է հայ թատրոնի պատմության մեջ, որովհետև կոտրում ենք բոլոր սահմանները հասարակություն, թատրոն, դպրոց, աշակերտ, թատրոն հարաբերակցության մեջ»,- բացմանն ասաց ծրագրի ղեկավար, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Նա նշեց, որ ծրագիրը պիլոտային է, առաջին անգամ է իրականացվում: Սակայն, Վ. Մկրտչյանի խոսքով, մարզերից իրենց «մեղադրում են», թե ինչու իրենք էլ ընդգրկված չեն:
«Պետք է մտածենք ծրագիրը համապետական դարձնելու մասին, այս ներդրումն է, որ վաղն ունենալու ենք ձևավորված, խոր, ամուր թատերական համայնք: Այդ համայնքն է բարձացնելու հայ թատրոնն ավելի վեր»,- ասաց Վ. Մկրտչյանը:
Ծրագրի մասնակիցներին ժամանակ կտրվի հայ թատերարվեստին նվիրված թեմաներով շարադրություն գրելու համար։ Շարադրության արդյունքների ամփոփման միջոցով կընտրվեն 60 հաղթող աշակերտներ, որոնք հնարավորություն կունենան անվճար հիմունքներով մասնակցելու նոյեմբերի 12-16-ը կայանալիք սեմինարներ-դասախոսություններին։ Թատրոնի պատմություն, Դերասանական արվեստ, Ռեժիսորական արվեստ, Արվեստի այլ տեսակների ներգրավվածությունը թատրոնում, Թատերական գործի կազմակերպում թեմաներով դասախոսությունները կվարեն ոլորտի լավագույն մասնագետները։ Դասախոսություններով հանդես կգան թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Բաբայանը, Նելլի Խերանյանը, Դավիթ Հակոբյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը և այլ հայտնի թատերագետներ ու մշակութային գործիչներ։ Հնգօրյա դասախոսությունները կուղեկցվեն ներկայացումների դիտումներով։
Ծրագրի մեկնարկին ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո կնախաձեռնեն, որպեսզի արդեն 2020 թ. գարնանը նախագիծը դառնա համապետական, կարողանան ընդգրկվել նաև մարզերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան