Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ըստ ԱԻՆ-ի՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների ու ավտոբուսների համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։