Հանձնաժողովի գործունեության արդյունքում կփարատվեն ապրիլյան գործողությունների հետ կապված ասեկոսեները. Տոնոյան
«Որևիցե խնդիր չկա, իհարկե պատրաստ եմ», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է գնալ Ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։
Նախարարը նշեց, որ դեռ չի կանչվել հանձնաժողով:
Հարցին` հնարավո՞ր է, որ հանձնաժողովն անսպասելի բացահայտումներ անի, Դավիթ Տոնոյանն ասաց, որ չի ցանկանում որևէ գնահատական տալ:
«Պաշտպանության նախարարության համակարգում պարզ է` ինչ է կատարվել, ինչպես է կատարվել, և ես ընդհանրապես ակնկալում եմ, որ նման հանձնաժողով նաև մյուս կողմում՝ Ադրբեջանում լինի»,- նշեց նա՝ հավելելով, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում կփարատվեն բոլոր ասեկոսեներն ու բանսարկությունները, որոնք կան հասարակության մեջ ապրիլյան գործողությունների հետ կապված։
Հարցին, թե նախորդ իշխանության ժամանակ ապրիլյան պատերազմի հետ կապված խնդիրներ եղե՞լ են, որ այս հանձնաժողովը պետք է վեր հանի, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ հանձնաժողովն ինչ կպարզի, ինչ կկատարվի: Արդյունքը ես ակնկալում եմ դրական, որը ավարտ կտա բոլոր այդ խոսակցություններին»:
Դիտարկմանը, թե դա նշանակում է, որ նախարարության համար հանձնաժողովը բացահայտում չի՞ անի, այսինքն՝ իր համար ամեն ինչ պարզ է և սպասում է` հանրության համար էլ պարզ լինի՞, նախարարը պատասխանեց. «Այո, կարելի է այդպես գնահատել»:
Ճշտող հարցին՝ իր համար ինչն է պարզ. Դավիթ Տոնոյանը նշեց. «Ինձ համար պարզ է, որ դրանք եղել են դավադիր գործողություններ հակառակորդի կողմից»։
Իսկ հայկական կողմից, ըստ նրա, եղել են բազմաթիվ թերացումներ, որոնք վերլուծվել են, և իրենք քաջատեղյակ են դրա մասին։
«Կան ներգերատեսչական խնդիրներ, որոնք լուծվում են։ Կան նաև դրանց հանրայնացման հարցեր: Ներգերատեսչական խնդիրները լուծվում են ծառայողական քննությունների, հույժ գաղտնի գործընթացների և վերլուծությունների միջակայքում: Հանրայնացման խնդիր դրված չի եղել: Այսօր հանրայնացվում է և կարծում եմ, որ դա օգտակար է լինելու»,- նշեց նա։
Հարցին՝ կարո՞ղ է իրեն պատասխանատվության ենթարկելու հարց առաջանա, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն եմ եղել, և եթե իմ գործողությունների մեջ որևէ խնդիր է առաջանալու, որը քննիչ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինի, խնդիր չեմ տեսնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան