ՀՀ զինված ուժերը ձեռք են բերում միայն նոր ու արդիական զինատեսակներ. Դավիթ Տոնոյան
«Որպես Պաշտպանության նախարար՝ ես կցանկանայի, որ մեր բյուջեն կրկնապատկվեր ու եռապատկվեր, բայց հաշվի առնելով մեր տնտեսական հնարավորությունները՝ այսօրվա բյուջեն բավարար է, որ մենք բոլոր մարտահրավերներին պատշաճ ձևով արձագանքենք»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նախարարի խոսքով՝ 2020 թվականի բյուջեն չի նվազել. «Բյուջեի կառուցվածքում եղել են որոշ նվազեցումներ մեր տրամադրած վարկային չափաբաժնի մեջ, որն ուղղվել է մեր կարողությունների ավելացմանը»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի վերջո երբ Հայաստան կգան Սու-30 ինքնաթիռները, Դավիթ Տոնոյանը նշեց, որ դրանք այստեղ կլինեն կամ դեկտեմբերին, կամ՝ 2020թ-ի հունվար-փետրվարին։
Անդրադառնալով նոր զինատեսակների ձեռքբերմանը՝ Պաշտպանության նախարարն ասաց, որ այսօր ՀՀ զինված ուժերը ձեռք են բերում մեծամասամբ նոր, արդիականացված զինատեսակներ։
«Դա վերաբերում է և 2019 թվականին, և 2020 թվականին: Եվ պայմանագրային, և վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն նոր ու արդիական զինատեսակներ: Դրանք ձեռք ենք բերելու տարբեր երկրներից: Մտքում 4 երկիր պահեք»,- ընդգծեց նախարարը։