ԳԱԱ հետ կապված նախագիծը դեռ քննարկման փուլում է. Արայիկ Հարությունյան
«Գիտությունների Ազգային ակադեմիայի հետ կապված աղմուկն իզուր է, քանի որ այն աշխատանքային նախագիծը, որը մենք տվել ենք, տվել ենք կարծիքներ հավաքելու համար, ներկայում փոփոխություններ են տեղի ունենում աշխատանքային նախագծում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախագծով ԳԱԱ լուծարման մասին հարցերին։
«Նախագիծը կդնենք մեծ քննարկման, բոլոր կարծիքները, կողմերն ու դեմերը կքննարկենք, կտեսնենք՝ ով ինչ առաջարկ ունի, ըստ դրա՝ առաջ կգնանք։ Ես շատ հաճախ ցավում եմ, որ ինֆորմացիոն բաց այս դաշտի պայմաններում, մենք կիսատ մի նախադասություն, կիսատ մի վերլուծություն, որևէ մի սիրողական կարծիք կամ թեկուզ ոչ սիրողական, այլ լուրջ մասնագետի կարծիք՝ նախնական ինչ-որ տարբերակի վերաբերյալ, վերցնում ենք, երկրորդ կողմի կարծիքը չենք հարցնում ու հարձակվում, հողմաղացների կռիվ ենք տալիս չեղած թեմաների վերաբերյալ»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ իրենց ամենակարևոր առաջնահերթություններից է, որ գիտությունը վերադառնա համալսարան. «Համալսարանների հետազոտական հատվածները թույլ են, որոշ համալսարանների դեպքում դրանք չկան, և բարձրագույն գիտության ու կրթության այս օրենքը, որ մենք նախաձեռնել ենք, միտված է դրան, որ հետազոտական ինստիտուտների և բուհերի միջև կապը սերտացվի, և գիտությունը վերադառնա համալսարան, հետևաբար, ուսանողը ընդգրկված լինի նման հետազոտական գործունեության մեջ, սա է մեր հիմնական նպատակը»։