Լիբանանում ճգնաժամը սրվում է
Լիբանանում բողոքի ցույցերի մասնակիցները փակել են Լիբանանի հիմնական ճանապարհները՝ պարալիզացնելով երկիրը, որտեղ նոր կառավարության ձևավորման շուրջ քաղաքական ճգնաժամը վատթարանում է։ Այս մասին գրում է Associated Press-ը։
Վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց նախորդ երեքշաբթի՝ բավարարելով հոկտեմբերի 17-ից փողոցներ դուրս եկած ցուցարարների պահանջը, որոնք պահանջում են դադարեցնել համատարած կոռուպցիան և սխալ կառավարումն այն քաղաքական դասի կողմից, որը ղեկավարում է երկիրը 3 տասնամյակ:
Նախագահ Միշել Աունը դեռ չի որոշել խորհրդակցություններ անցկացնել խորհրդարանական դաշինքների ղեկավարների հետ՝ նոր վարչապետ նշանակելու համար:
Այսօր փակվել են շատ դպրոցներ, համալսարաններ ու աշխատավայրեր։ Բեյրութի գլխավոր պողոտաներից մեկում ցուցարարները բաժանել են թռուցիկներ՝ ներողություն խնդրելով ճանապարհները փակելու համար, ասելով, որ «ճանապարհները փակ կլինեն այնքան ժամանակ, մինչև կկազմավորվի անկախ կառավարություն»:
Հիշեցնենք, որ Լիբանանում մարդիկ փողոցներ դուրս եկան, երբ կառավարությունը ցանկանում էր բարձրացնել WhatsApp զանգերի հարկերը։ Մարդիկ սա համարեցին համբերության բաժակի վերջին կաթիլը։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է հրաժարականի մասին
- Աշխարհը բողոքի ակցիաների ճիրաններում․ որտե՞ղ, ի՞նչ են պահանջում ցուցարարները
- Լիբանանում ութ օր է ցույցեր են
- «Baby Shark» մանկական երգը դարձել է Լիբանանում բողոքի ակցիաների «հիմնը»
- Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն