ԱԻՆ փրկարարական ծառայության պետի՝ աշխատանքից ազատման համար մի քանի պատճառ է եղել. Ցոլակյան
«ԱԻՆ փրկարարական ծառայության պետն աշխատանքի մեջ թերացել է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Արտակ Նահապետյանի՝ աշխատանքից ազատման հետ կապված հարցերին։
«Մի քանի պատճառ է եղել. ամառվա հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, դա հիմնական պատճառներից մեկն է։ Նա տեղում չի եղել, Հայաստանում չի եղել։ Դրանից բացի՝ ուրիշ բան էլ է եղել, հիմա այս մանրամասները, ամեն ինչ ես չեմ կարող ասել, թե ինչ պատճառով, ինչի համար, ինչ խոսակցություն է եղել մեր մեջ, ամբիցիաներ, և այլն, և այլն», - նշեց նախարարը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:
Ինչ վերաբերում է յուրայինններին աշխատանքի ընդունելու վերաբերյալ հարցերին՝ Ցոլակյանն ասաց. «Յուրային ասելով չեմ հասկանում ինչ ձևով է գնահատվում, ես ասել եմ՝ հարազատ չունեմ այդ կառույցում աշխատող։ Դիմում են, ասում են՝ հորեղբոր տղա, քեռու տղա, ես որևէ մեկին չեմ ընդունել աշխատանքի, ես ընդունել եմ ծանոթների, որոնց ճանաչել եմ և որոնք գալուց հետո մեծ փոփոխություն են արել համակարգում, որոնց աշխատանքը ես գնահատում եմ շատ բարձր»։