«Հրապարակ». Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու որոշո՞ւմ է կայացվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանին Հատուկ քննչական ծառայությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել և որոշումն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։
Հիշեցնենք, որ նա անցնում է «Մարտի 1»-ի անջատված մասով, առայժմ՝ որպես վկա, նրան 2 անգամ հրավիրել են Երևան՝ հարցաքննության, սակայն չի ներկայացել։
Մենք ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք, թե ինչպես է այլ պետության քաղաքացուն բերման ենթարկելու որոշում կայացվել։ ՀՔԾ-ից մեզ պատասխանեցին․ «Տեղեկությունը չենք մեկնաբանում»։ Փորձեցինք կապվել ՀՀ և Արցախի դատախազությունների հետ։ ՀՀ դատախազության ներկայացուցիչը լսեց մեր հարցը, բայց չպատասխանեց։ Իսկ Արցախի դատախազության մամուլի խոսնակ Կիմ Գաբրիելյանը խոստացավ ճշտել և հայտնել, այնուհետև երկար չէր պատասխանում մեր զանգերին, իսկ օրվա վերջում ուղարկեց հետևյալ երկտողը․ «ԱՀ դատախազությունում Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու մասին որոշում չեն ստացել։ Այդ կապակցությամբ որևէ նորություն լինելու դեպքում անպայման կիրազեկեմ»։
Իրավաբանները մեզ բացատրեցին, որ Արցախի քաղաքացուն ՀՀ ՀՔԾ-ն բերման ենթարկել չի կարող՝ եթե նման որոշում են կայացրել, ապա դա անօրինական է։ Կարող են միայն հետախուզում հայտարարել և դիմել Արցախի դատախազություն՝ խնդրելով արտահանձնել իրենց երկրի տարածքում հանցագործություն կատարած անձին։ Բայց դրա համար էլ նախ պետք է Բալասանյանին մեղադրանք առաջադրեն, միջազգային հետախուզում հայտարարեն։
Հիշեցնենք, որ Բալասանյանը գրավոր բացատրություն էր ուղարկել ՀՔԾ, որ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ Երևանում չի գտնվել, իր տեղեկությունները սահմանափակվում են հասարակության լայն շրջանակներին հայտնի և ԶԼՄ-ներով տարածված տեղեկություններով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։