Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարներն արձանագրել են հարաբերությունների դինամիկ զարգացումը
Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն այսօր կայացած հանդիպման ընթացքում արձանագրել են, որ Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ուղենշելով առկա համագործակցության առավել զարգացման և նոր ոլորտների ներգրավման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը, այդ թվում տեղում դիվանագիտական ներկայության ամրապնդումը:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումների շրջանակում Շվեդիայում անցկացվող նախարարական հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Ան Լինդեն ընդգծել են, որ այն հնարավորություն է ընձեռում գնահատելու ինչպես արձանագրված հաջողությունները, այնպես էլ՝ Եվրոպայում ավելի մեծ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ուղղված հեռանկարները:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է նաև Հայաստանի հանձնառությունը խթանելու կանանց ակտիվ մասնակցությունը հանրային կյանքում, ազգային և գլոբալ մակարդակներով՝ այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի շրջանակում:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Ան Լինդեին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերջին զարգացումները և այդ առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք կարևորվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների իրականացումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան