Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային ու հայկական շրջանակների հետ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային և հայկական շրջանակների հետ:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը, Ավստրիայում ՀՀ դեսպանության և Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ, դեսպանության շենքում հանդիպել է տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ: Ա.Բեգլարյանը ներկայացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, առանձնահատկություններն ու մարտահրավերները: Ներկաների հետ քննարկում է ծավալվել Արցախի հետագա զարգացման գործում Սփյուռքի դերի վերարժևորման և հարակից այլ հարցերի շուրջ:
Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաև Ավստրիայում ասորական և քրդական համայնքների ղեկավարության հետ՝ նրանց հետ քննարկելով Թուրքիայում և մերձավորարևելյան այլ երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է խաղաղ և կայուն միջավայրում բոլոր ժողովուրդների արժանապատիվ կյանքի ապահովման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Թուրքիայի ցեղասպանական գործողությունների անթույլատրելիությունը:
Վիեննայում գործող առաջատար վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարության հետ ունեցած հանդիպման ժամանակ Ա.Բեգլարյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Ադրբեջանի հարուցած սպառնալիքները Արցախի բնակչության իրավունքների հանդեպ: Նրանց հետ պայմանավորվածություններ են ձեռքբերվել հետագա փոխշփումների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան