«Կոռուպցիա չկա բղավելով՝ առողջապահության փոխնախարարին բռնեցին՝ կաշառքը ձեռքին». Գևորգ Գրիգորյան
«Առողջապահության նախարարության իրականացրած հակածխախոտային պայքարը թիրախավորել է միայն մեկ ընկերության, ինչը հնարավոր չէ չնկատել, բավական է նայել նախարարի ֆեյսբուքյան էջը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը։
Առողջապահության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներին անդրադառնալով՝ նա նշեց, որ իրենց բարձրաձայնումները մնացել են մեդիա դաշտում և որևէ եզրակացություն չի արվել։
«Խնդիր ունենք հակակոռուպցիոն ռազմավարության հետ, որը տարիներ առաջ ընդունվել է։ Այս ընթացքում իրականացվել է ողջ ռազմավարության միայն 2 տոկոսը։ Հակակոռուպցիոն միջոցառումները միայն մարդկանց բռնել, նստեցնելը չէ։ Դա հետևողական պայքարն է, ռիսկերի բացառումը, իրազեկումը, պատժի անխուսափելիությունն ու կանխարգելումը», - ասաց Գևորգ Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է բժշկական հաստատությունների՝ փակ ընթացակարգով կատարած գնումներին՝ նա ասաց. Դա «առևտրային գաղտնիք» են անվանում, ինչն ադպես չէ, դա մեր բոլորի հարկերից գոյացող գումարն է։ Այսօր էլ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը պահպանվում են, և ռիսկերի նվազեցման որևէ գործողություն չի արվում։ Եթե չենք կանխարգելում կոռուպցիան, ինչքան էլ պատժենք, դրական տեղաշարժ չենք ունենալու։ Կոռուպցիա չկա բղավելով՝ առողջապահության նախարարի տեղակալին բռնեցին երեք հազար դոլար կաշառքը ձեռքին։ Ինչքան էլ վարչապետը հայտարարի, որ կոռուպցիա չկա, ես փաստերին եմ հավատում, ոչ թե հայտարարություններին»։
Գրիգորյանի խոսքով՝ առողջապահության նախարարը սկսում է հիվանդանոցներն իր ձեռքի տակ վերցնել և տնօրենների պաշտոններում յուրայինների նշանակել, տեսչությունների պետերին փոխել։
«Անգամ ԵՊԲՀ-ի ղեկավարության վերաբերյալ նախարարը կարծիք է հայտնում, որ կցանկանար համալսարանն ավելի լավ ռեկտոր ունենար։ Դա ի՞նչ է նշանակում՝ պաշտոնեական դիրքի իրական չարաշահում է։ Եթե դա իր իրավասության մեջ չէ, սակայն անում է ամեն բան՝ հասնելու նոր ռեկտորի նշանակման, դրանից քաղաքական հետապնդման հոտ է գալիս», - ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահը։
Նա անդրադարձավ նաև վերարտադրողական առողջության ծրագրին՝ նշելով. «Կառավարության նիստի ժամանակ վարչապետին զեկուցում են, որ վերարտադրողական առողջության ծրագիրն էլեկտրոնային հերթագրումով է լինելու, բայց լրատվամիջոցից զանգում հարցնում են, նախարարությունից պատասխանում են՝ ոչ, թղթային է։ Այսինքն նույնիսկ կառավարության ներսում նախարարը ստում է վարչապետին։ Հիմա այս ստի պարագայում մենք ո՞նց պետք է դրական տեղաշարժ ապահովենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում