ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
«Դպրոցը նոր ավարտածներին եթե տանք միջին մակարդակի թելադրություն, 90 տոկոսն անբավարար կստանա: Մեր երազած որակից շատ հեռու է դպրոցներում «Հայոց լեզու» առարկայի դասավանդումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Անաիդա Մովսիսյանը՝ խոսելով «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նախագծի մասին:
Նա նշեց, որ համալսարանում չեն անցնում նույն բաները, ինչ դպրոցում, այլ անցնում են խոսքային էթիկետ, հրապարակային ելույթ, բանավեճի արվեստ:
«Այս մասին ոչ ոք չի խոսում, կարծում եմ, իրենք չգիտեն էլ, որ համալսարանում վաղուց «Հայոց լեզու ու գրականություն» առարկա չէ, այլ «Հայոց լեզու և խոսքի մշակույթ»,- նշեց նա:
Ա. Մովսիսյանի խոսքով, իրենք տեղյակ էին, որ նման նախագիծ է նախապատրաստվում, սակայն իրենց զայրացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:
«Նախագիծը դեռ քննարկվում է, բայց երկրի ղեկավարն արդեն ուղղորդված կարծիք ունի, դրեց այս նախագծի դատավճիռը, թե ինչպես պետք է այն ավարտվի: Մենք դեմ չէինք հանդիպել, զրուցել, քննարկել, բայց ինչպե՞ս կարելի է նման կանխակալ տրամադրվածություն ունենալ այս ամենի հանդեպ: Վարչապետը միայն մի կողմի կարծիքին էր տեղյակ, ու արտահայտում էր հենց այդ կողմի կարծիքը»,- նշեց դասախոսը:
Նա ասաց, որ «Հայոց լեզուն» ոչ մասնագիտական ֆակուլտետներում տարեկան 40 ժամ են անցնում, ծիծաղելի է, որ այդ 40 ժամը խանգարում է մասնագիտական մյուս առարկաների դասավանդմանը:
«Իհարկե, կան հարցեր, որ պետք է բարձրացնել մասնագիտական առարկաների որակը, կարելի է ամեն ֆակուլտետում «Հայոց լեզուն» անցնել՝ ավելի համապատասխանեցնելով տվյալ մասնագիտության բառապաշարին, բայց այսպես բռնել ու միանգամից նախագիծ ներկայացնել՝ առանց մեզ հետ քննարկելու, առանց խոսելու»,- նշեց Ա. Մովսիսյանը:
Նա ընդգծեց, որ շատ վիրավորական էր երկու օր առաջ նախարար Արայիկ Հարությունյանի այն արտահայտությունը, որը քմծիծաղով ասել է՝ այստեղ աշխատատեղ կորցնելու խնդիր կա:
«Այո, կա այդ խնդիրը: Անընդհատ գյուղերում, քաղաքներում պայքարում են մի երկու աշխատատեղ ստեղծելու համար, իսկ իրենք հաշվե՞լ են, թե քանի մարդ, մտավորական, գիտությունների թեկնածուներ, դոցենտներ կհայտնվեն փողոցում, որոնք վաղուց արդեն երիտասարդներ չեն, ամբողջ կյանքը նվիրել են այդ գործին ու մեկ էլ հայտնվում են կոտրած տաշտակի առջև: Մենք անընդհատ սպասում էինք փոփոխությունների, աշխատավարձերի բարձրացման, գիտական գործեր կանենք, բայց ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք»,- նշեց ԵՊՀ դասախոսը:
Դոցենտի խոսքով, նաև կնվազեն պատմության, բանասիրության ֆակուլտետներ դիմողների թիվը, քանի որ հետագայում դասավանդելու, հայագիտությամբ զբաղվելու հեռանկար չեն տեսնի, աշխատանք չեն ունենա: Ա. Մովսիսյանն ասաց, որ եթե մասնագետները չաշխատեն համալսարանում, նրանք նաև գիտությամբ զբաղվելու հնարավորություն չեն ունենա:
«Խոսվում է մասնագիտական գրականության մասին, որ թարգմանված չկա: Դրա համար միջոցներ են պետք: Նախ սկսենք միջոցներից, եթե լինեն այդ միջոցները, կարճ ժամանակում հարյուրավոր գրքեր կթարգմանվեն ու կգրվեն: Խոսում են կոռուպցիայի մասին: Եթե գիտեք կոռուպցիա կա, բռնեք: Հայոց լեզուն ու գրականությունը հանելով՝ կոռուպցիան կվերանա՞:
Այսինքն շատ վիրավորական, արհամարհական մոտեցում է մտավորականության հանդեպ»,-ասաց նա:
ԵՊՀ դոցենտը հարցնում է, արդյո՞ք գիտեն, որ Հայոց լեզվի բացատրական բառարանը վերջին անգամ տպագրվել է 1980-ականներին, այն դեպքում, երբ հենց իրենց կողմից նշված երկրների համալսարաններում ամեն տարի բացատրական բառարաններ են լույս տեսնում:
Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում, բողոքում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագգծի դեմ, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:
Նրանք նաև ստորագրահավաք են սկսել, դիմելու են ՀՀ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին՝ պահանջելով կանխել այդ փոփոխությունները:
Հարակից հրապարակումներ`
- Գիտության ֆինանսավորումը վիշտ է. ԳԱԱ նախագահ
- «Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել»
- Գիտության ֆինանսավորումը չի ավելանա նաև 2020-ին. Պանարմենիան.նետ
- Տիգրան Մանսուրյանի երկու սրբությունները
- Իվետա Տոնոյան. Բուհերի ծրագրից հանվում է երեք առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսում է «հայ» բառով
- Գրականագետ. «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պետք է կատարելագործել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան