ԿԳՄՍՆ. Յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և առկա դժգոհությունների վերաբերյալ.
Հայտարարության մեջ ասված է.
«Թեպետ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացվել, սակայն օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։
Միևնույն ժամանակ, նախագծի աշխատանքային տարբերակում առկա սկզբունքներում հստակ ամրագրված են հայագիտական հետազոտությունների գերակայությունը, սփյուռքի համար հայագիտության զարգացման ու հայ մշակութային ժառանգության ճանաչման տարածման նպատակով մասնագետների պատրաստումը, ազգային ինքնության և համամարդկային արժեքների արմատավորումը։
Նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։
Ավելին՝ ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։
Այսպիսով, օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- «Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել»
- Իվետա Տոնոյան. Բուհերի ծրագրից հանվում է երեք առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսում է «հայ» բառով
- Գրականագետ. «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պետք է կատարելագործել
- ԵՊՀ գիտխորհուրդը բացասական կարծիք է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին
- Գրականագետ. «Յուրաքանչյուր ազգի ազգային հիմքը ազգային դպրոցն է»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին