Նյու Յորքում բացվել է Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Հայտնի են դառնում Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում Նյու Յորքում Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է բացել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում կազմակերպված ցուցահանդեսին ներկա են գտնվել Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոս Ալփեր Աքթաշը, Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Թուրքիայի ազգային փոքրամասնությունների համայնքի հիմնադրամների ներկայացուցիչ Մորիս Լեվին, Ասորական եկեղեցու հիմնադրամների նախագահ Սաիթ Սուշին, Ամերիկյան ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոս Լամբրինիադիսը և հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել: Միջոցառմանը ելույթ է ունեցել Պոլսի պատրիարքի տեղապահ Սահակ Սրբազանը:
Մաշալյանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում Սուրբ Խաչ եկեղեցու և մյուս պատմամշակութային կառույցների նկատմամբ:
«Եկեղեցու բացման օրվանից սկսած այս մոնումենտալ հուշարձանը ջերմ գնահատանքի արժանացավ աշխարհի տարբեր կողմերից, այդ թվում` Հայաստանից և Թուրքիայից: Սա թուրք և հայ ժողովրդի միջև դժվարությունները հաղթահարելու համար մի մշակութային նախաձեռնություն է, ինչպես նաև բարի կամքի վրա հիմնված կամուրջ է` ավել լավ ապագայի և փոխըմբռնման համար»,-ասել է Մաշալյանը:
Նրա խոսքով` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կարող է խաղաղության օրրան դառնալ և շատ առանձնահատուկ ներուժ ունի այն իրականացնելու համար:
Մաշալյանը շնորհակալություն է հայտնել թուրք լուսանկարիչ Իզզեթ Քերիբարին, որն անմահացրել է Սուրբ Խաչ եկեղեցու պատկերները:
Նշվում է, որ ցուցահանդեսին ներկայացվել է Վանա լճի Աղթամար կղզու և Սուրբ Խաչ եկեղեցու 88 լուսանկար:
Հիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի:
Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թ. ճարտարապետ Մանվելի կողմից Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ինի հրամանով: