11-րդ «ՌեԱնիմանիան»
Հոկտեմբերի 24-ից 29-ը Հայաստանում կայացավ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը։
Աշխատանոցներ ու վարպետության դասեր, առաջնախաղեր ու նախադիտումներ… փառատոնի ծրագիրն առավել քան հագեցած էր։ Այս տարի «ՌեԱնիմանիա»-ի հատուկ հյուրերի թվում էր օսկարակիր ռեժիսոր Հյու Ուելշմանը («Վան Գոգի կրքերը»), ով առաջին անգամ ներկայացրեց բացառիկ կադրեր՝ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներից ոգեշնչված իր նոր գլուխգործոցից։
Երևան էր ժամանել նաև տեսողական էֆեկտների աշխարհահռչակ մասնագետ Ռոջեր Կուպելյանը («Մատանիների տիրակալը», «Ալիսը հրաշքների աշխարհում»…), ով հայտնի է ոչ միայն հոլիվուդյան առաջատար ֆիլմերում իր մասնակցությամբ. մեր հայրենակցի առաջին աշխատանքներից է արցախյան ազատամարտի մասին պատմող “Dark Forest in the Mountains” («Մութ անտառ՝ լեռներում») փաստավավերագրական ֆիլմը։
Անիմացիան սահմաններ չճանաչող արվեստ է։ Անիմացիայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 28-ին, «ՌեԱնիմանիա»-ի հանդիսատեսին ցնցեց Կաննի կինոփառատոնում ներկայացված «Քաբուլի ծիծեռնակները» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որի գլխավոր հերոսներից մեկին՝ բանտապան Ատիքին հնչյունավորել է ֆրանսահայ տաղանդավոր դերասան Սիմոն Աբգարյանը։
Հակասական կերպարներով հարուստ ֆիլմը նկարահանվել է ալժիրցի գրող Յասմինա Խադրայի համանուն բեսթսելլեր վեպի հիման վրա, որի նախաբանը հասանելի է BBC-ի առցանց ձայնադարանում։ Դռան ետևում լուսաբաց է՝ ահա շարժանկարի գլխավոր ուղերձը: «Ֆիլմում օգտագործված է 2D ջրաներկային անիմացիա, որն իր թավիշով հակադրվում է դաժան պատերազմական իրականությանն ու հնարավորինս մեղմում այն». նշում է քննադատ Աննա Դանիելյանը:
Նշենք, որ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը կայացել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի Քաղաքապետարանի, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և այլ տեղական ու միջազգային կառույցների աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան