Ամերիկյան կինոշուկայում կներկայացվի Արամ Խաչատրյանի մասին կենսագրական «Սուսերով պար» ֆիլմը
Այսօր Սանտա-Մոնիկայում (Կալիֆորնիա նահանգ) բացվում է ամենամյա ամերիկյան կինոշուկան (American Film Market): Կազմակերպիչների հաշվարկով, այս տարի Սանտա-Մոնիկա կգա ավելի քան 7 հազար մասնակից աշխարհի ավելի քան 70 երկրից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, շաբաթվա ընթացքում իրենց արտադրանքն աշխարհի խոշորագույն կինոշուկայում կներկայացնեն նաև մոսկովյան 15 կինոընկերություն և ստուդիա:
«Մարս Մեդիա» ընկերությունը ներկայացնելու է ռեժիսոր Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմը: Այն կենսագրական ֆիլմ է հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին, որը ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությամբ, երկու երկրներում էկրաններ է բարձրանալու 2019 թվականի դեկտեմբերին:
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է կոմպոզիտորը ստեղծել իր ամենահայտնի երաժշտական ստեղծագործությունը ընդամենը 8 ժամում: Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1942 թվականին Մոլոտով (Պերմ) քաղաքում։ Գլխավոր դերակատարն է Համբարձում Կաբանյանը։ Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում և Հայաստանում, այդ թվում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Խոր Վիրապ վանքում։ «Սուսերով պարն» արդեն վաճառվել է Ճապոնիային, Թաիլանդին, Լատինական Ամերիկայի երկրներին:
«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի: Արտասահմանում ինձ գովազդում են որպես «պարոն Սեյբրդանս» (անգլերեն sabre՝ սուսեր և dance՝ պար բառերից): Դա, նույնիսկ, բարկացնում է ինձ: Ես այն անարդարացի եմ համարում ...»,- ասել է Արամ Խաչատրյանը:
«Գայանե» բալետի առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում:
««Սուսերով պարը» կոմպոզիտորի խոստովանմամբ, հանկարծակի է ծնվել: «Գայանե»-ի պարտիտուրի ստեղծումից հետո սկսվեցին փորձերը: Թատրոնի տնօրենը իր մոտ կանչեց Խաչատրյանին՝ ասելով, որ վերջին գործողության մեջ հարկավոր է պար ավելացնել: Կոմպոզիտորն այն դժկամորեն արեց, քանի որ բալետն ավարտված էր համարում: Այդուհանդերձ, այդ միտքը ստիպեց նրան մտածել:
«Պարը պետք է արագ, մարտական լինի, - հիշում էր Խաչատրյանը։ - Ձեռքերս անհամբերությամբ ակորդ վերցրեցին, և ես սկսեցի մաս-մաս նվագել այն, ինչպես օստինատային, կրկնվող դարձվածք: Կտրուկ շարժում էր անհրաժեշտ. ես վերցրեցի վերևի ձգվող տոնը: Ինչ-որ բան ինձ «բռնեց». ահա, կրկնենք ուրիշ տոնայնության մեջ: Սկիզբը դրված է: Այժմ կոնտրաստ է անհրաժեշտ... Բալետի երրորդ պատկերում երգային թեմա, լիրիկական պատկեր ունեմ: Մարտական սկիզբը ես միացրի այդ թեմային՝ այն սաքսաֆոնն է կատարում, ապա վերադարձա սկզբին, սակայն արդեն նոր որակով: Սկսեցի աշխատել ցերեկվա ժամը 3-ին, իսկ մոտավորապես գիշերվա 2-ին ամեն ինչ պատրաստ էր: Առավոտյան ժամը 11-ին պարը հնչեց փորձի ժամանակ: երեկոյան այն բեմադրվեց, իսկ հաջորդ օրն արդեն գլխավոր փորձն էր ... »» (khachaturian.am):
«Գայանե» բալետի երաժշտության համար Արամ Խաչատրյանը արժանացել է Ստալինյան առաջին կարգի մրցանակի: