Հայաստանը իրեն բավական հանգիստ է զգում իր ներկայիս դաշտում. Մնացականյան
«Այն, ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մեր հաշվետվողականությանը ժողովրդի առջև. դրանք շատ նպաստավոր են հակամարտությունների լուծման համար՝ ի տարբերություն ավտորիտար ռեժիմների: Մենք նաև պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում ընդհանուր արժեքների առումով, ինչ է տեղի ունենում Եվրոպայում: Դրա մասին պետք է շատ բաց խոսենք»,- այս մասին նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ նախարարը ելույթից հետո նաև հարցերի է պատասխանել։
Հարցին, թե առաջիկա հինգ, տասը տարում ինչպիսի՞ն կցանկանա տեսնել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, Մնացականյանը պատասխանել է.
«Հինգ, տասը տարվա հեռանկարի առնչությամբ այն է, թե մենք ինչպես ենք շարունակելու օգուտ քաղել Եվրոպական Միության, Եվրոպայի հետ, Եվրոպայի շրջանակներում հարաբերություններից։ Կարծում եմ՝ կարևոր մարտահրավերը Եվրոպայի արևելյան հատված լինելու գաղափարի տարածումն է Եվրոպայի այլ մասերում։ Լեհաստանն ու Շվեդիան կարևոր դեր են խաղացել՝ որպես Արևելյան գործընկերության հայեցակարգի զարգացման շարժիչ ուժ։ Կարծում եմ՝ փոխադարձ կախվածության զգացումի, ամբողջ Եվրոպայի համար Արևելյան գործընկերության կարևորության գաղափարի տարածումն ամենակարևոր մարտահրավերն է: Ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացումը, մեր ՀԸԳՀ-ն, ըստ էության, մեզ տալիս է բացառիկ հնարավորություն բարձրացնելու մեր զարգացման մակարդակը՝ համաձայն այն մոդելի, որին մենք ձգտում ենք: ՀԳԸՀ-ով նախատեսված ոլորտային համագործակցությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը, ուստի պետք է դրանից առավելագույնս օգտվենք։ Մենք ի ցույց ենք դրել քաղաքական կամքի ուժը կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և այլ հարցերում։ Մենք գիտենք, որ դա բավարար չէ, մենք պետք է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդենք և առաջ մղենք այն։ Եվ դա հենց այն է, ինչ մենք անում ենք, և այստեղ է, որ Եվրոպական Միությունը եղել և մնում է մեր կարևոր գործընկերը, և դրանք մեր հարաբերությունների զարգացման օրինակներ են:
Մենք ունենք հարաբերությունների այս էվոլյուցիան, և դա շարունակական է: Մենք այն դիտարկում ենք մեր առջև ծառացած անվտանգության մարտահրավերների առավել լայն համատեքստում, իսկ մեր անվտանգության մարտահրավերները բավական ընդգրկուն են և նպատակահարմար չէ դրանք ներկայացնել քննարկման այս ձևաչափում: Սակայն անվտանգության տեսակետից ԵՄ-ը հանդիսանում է կարևոր դերակատար՝ ինստիտուտների ամրապնդման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արժեքների տեսանկյունից, որոնք նշանակություն են ունեցել քսանութ տարի և շարունակելու են կարևոր լինել առաջիկայում: Սա դաշտ է, որի կարևրությանը մենք հավատում ենք, որի շրջանակներում համատեղ աշխատում ենք և շարունակվելու են նույն ոգով: Շնորհակալություն»։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել համագործակցության առումով, նախարարն ասել է.
«Հայաստանը իրեն բավական հանգիստ է զգում իր ներկայիս դաշտում: Հայ ժողովուրդը նպաստում է ընդհանուր անվտանգության, ընդհանուր զարգացման կոլեկտիվ զգացողությանը։ Սա կարևոր է բոլորիս համար։ Չեմ նշում գինու, կոնյակի, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման լավ օրինակների մասին, որոնք հստակ, գործնական օրինակներ են։ Իսկ ի՞նչ ենք մենք տալիս այս համագործակցությանը։ Առաջարկում ենք այն, ինչին հենց ուղղված է համագործակցությունը։ Դա ընդհանուր եվրոպական տան զգացումն է։ Համաձայն եմ, որ իրականում գալիք տասը տարիների առնչությամբ մենք ունենք լավ կառուցվածքային երկխոսության փայլուն գործընթաց. դա պետք է պահպանվի: Գոյություն ունեն բազում լավ, հետաքրքիր գաղափարներ, որոնք ընդգծում են այն։ Այսօր ընդհանուր բնույթի քննարկում ենք անցկացնում, սակայն կարծում եմ նշածս կառուցվածքային երկխոսության ձևաչափում առկա են բազում հետաքրքիր գաղափարներ առ այն, թե ինչպես ենք միասնաբար նպաստելու ընդհանուր տան գաղափարին։ Սա է ամենակարևորը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարներն արձանագրել են հարաբերությունների դինամիկ զարգացումը
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան