«Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել»
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր դասադուլ են անում՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ։
Ակցիայի կազմակերպիչներից ուսանող Գևորգ Գյուլումյանն ասաց, որ իրենց բողոքը կապված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագիտական ֆակուլտետներից դուրս հանելու օրինագծի հետ:
«Մենք գտնում ենք, որ այդ առարկաների ուսուցման հետ կապված կան խնդիրներ, բայց խնդիրը լուծելու լավագույն տարբերակը խնդիրը շրջանցելը չէ: Կարող ենք նոր մեխանիզմներ մշակել, հանրային լսումներ կազմակերպել, մասնագիտական խորհուրդ ձևավորել: Երազ տեսնել, տեղից վեր կենալ ու դրա մասին պատմել՝ դեմ ենք դրան, որովհետև «Հայոց լեզուն» նախարարն իրենց տնից չի բերել: Ինքը նաև պետք է հաշվի նստի թե ուսանողության, թե մասնագիտական խորհրդի հետ, որը չի արվել»,- ասաց նա:
Գևորգ Գյուլումյանի խոսքով, սա ուղղակի նախազգուշական ակցիա է, որ խնդիրները քննարկելիս ու որոշումները կայացնելիս նաև պետք է հաշվի առնեն ուսանողների, դասախոսների կարծիքը, իսկ դասախոսներն իրենց հետ համամիտ են:
Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներից լեզվաբան Վարդան Պետրոսյանն ասաց, որ իր ուսանողները միացել են այս նախաձեռնությունը, որը ճիշտ ու տեղին նախաձեռնություն է, ուղղված է հայերենի՝ որպես ազգային լեզվի շահերի պաշտպանությանը:
ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը նույնպես դրական է վերաբերվում ուսանողների նախաձեռնությանը. «Գտնում եմ, որ ուսանողները ճիշտ են, ուսանողները կատարեցին իրենց քայլը, ուսանողի քաղաքացիական դիրքորոշումն է, ցույց են տալիս իրենց մասնագիտության վտանգվածության հանդեպ անհանգստություն, քաղաքացիական գործունեություն ծավալելու պատրաստակամություն»:
Նարինե Դիլբարյանի խոսքով, նոր սերունդը մտածում է այն Հայաստանի մասին, որտեղ իրենք են աշխատելու, գործելու:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու: Օրինագիծը դեռ չի դրվել հանրային քննարկման:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյանի երկու սրբությունները
- Իվետա Տոնոյան. Բուհերի ծրագրից հանվում է երեք առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսում է «հայ» բառով
- Գրականագետ. «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պետք է կատարելագործել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան