Մելքումյան. Մինչև 2024թ. հայտարարված միասնական շուկայի ստեղծման ժամկետը մեզ չի կարող բավարարել
Գյումրիում երեկ կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ում առկա 71 խոչընդոտներին, որոնցից 55-ը սահմանվել է ՌԴ-ի կողմից:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ընդգծել է ԵԱՏՄ անդամ երկրներում օրենսդրական ակտերի համապատասխանեցման հարցը, որոնք չպետք է հակասեն Միության տնտեսական խորհրդի կողմից ընդունված ակտերին:
Պատգամավորի գրասենյակից տեղեկացնում են, որ Մ. Մելքումյանն անդրադարձել է ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորման անհրաժեշտությանը:
Կարևորելով այն մեր հանրապետության համար՝ Մ. Մելքումյանը միաժամանակ ընդգծեց, որ մինչև 2024թ. հայտարարված միասնական շուկայի ստեղծման ժամկետը մեզ չի կարող բավարարել: Հայաստանը զարգացած էներգետիկ ենթակառուցվածք ունի, և այժմ ՀՀ կառավարությունն աշխատում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ:
Հանրապետության տնտեսության համար էական նշանակություն ունի նաև Մեծամորի ԱԷԿ-ի տեխնիկական վերազինման 270 մլն դոլար միջպետական վարկային գծի ամբողջական ապահովման խնդիրը, որը պետք է կարգավորվի ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ:
Կարևորվել է նաև ԵԱՏՄ-ի տարանցիկ ներուժի օգտագործումը: