Սևազգեստ մայր. Ես շիշը կտայի քննիչի գլխին
Մինչ կառավարության հերթական նիստը կմեկնարկեր, շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները։ 2010թ. դեկտեմբերի բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը լրագրողների հետ զրույցում դժոհեց քննիչների աշխատանքից։
«Ինը տարի հեքիաթ են պատմում, բայց էս հեքիաթին պետք է վերջ լինի։ Եթե իմ տղայի գործն իրենք լավ գիտեն, մեկից մեկ դա բացահայտված է, որ սպանություն է եղել։ Բայց եթե քնիչը ստորաբար պետք է նայի դեմքիս ու ստորաբար ասի, ինչ ուզում է, չի ստացվելու։ Մեկ տարի ութ ամիս իմ տղան հետախույզ է եղել, գլուխն ինչ-որ ստոր կենդանի կերել է։ Հիմա էլ ասում են, իմ տղան ի ծնե հիվանդ է եղել»,-ասաց սևազգեստ մայրը։
Նա ասում է՝ իրենց փոխանցել են, իբր տղան ուռուցք է ունեցել, մահվան պատճառը դա է, սակայն պնդում է, հիվանդության մասին վկայող որևէ փաստաթուղթ կամ հետազոտություն, դատաբժշկական որևէ փորձաքննության արդյունք ինքը չի ստացել։
Իրինա Ղազարյանն ընդգծեց, որ կառավարության շենքի դիմաց իր հետ եկած բոլոր մայրերն էլ հստակ գիտեն, թե ինչ պայմաններում են մահացել իրենց որդիները, սակայն իրավապահները չեն ցանկանում բացահայտել հանցագործությունը։
Ծնողները պնդում են՝ թող բոլոր քննարկումները լինեն բաց ու հրապարակային, լրատվամիջոցների ներկայությամբ։
«Մեզ ասում են, կան այնպիսի վիդեոներ, որ ծնողներին շատ-շատ-շատ վատ դրության մեջ կդնեն։ Բայց որ մեր երեխաներին բերեցին դրեցին սեղաններին, մենք չմեռանք, ապրեցինք հանուն արդարության, որ այդ հանցագործները պատժվեն։ Մենք պահանջում ենք, որ բաց քննարկում լինի, քննիչին էլ, դատախազին էլ, վերահսկողին էլ քննեն, ասեն՝ ի՞նչ եք քննել, ի՞նչի համար եք աշխատավարձ ստացել։ Թող վերցնեն մի դեպք քննեն։ Տիկին Իրինան շատ ճիշտ արեց, ջուրը շփեց երեսին, իմ տեղը հարմար չէր, ես շիշը կտայի գլխին»,-ասաց Տիգրան Օհանջանյանի մայրը։
Նրա որդին, ըստ իրավապահների, մահացել է էլեկտրահարության հետևանքով։
Հիշեցնենք, որ քննիչի վրա ջուր շփելու միջադեպը եղել էր հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում, երբ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված նիստում քննարկում էր տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի պահանջները։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում քննարկման ժամանակ սևազգեստ մայրը բաժակով ջուր շփեց քննիչի վրա
- Սևազգեստ մայրերն ԱԺ-ում. «Գործերը տարել են փակուղի, ինչպե՞ս քննարկենք»»
- Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում
- Սևազգեստ մայրեր. Աննա Հակոբյանն ինչո՞վ է զբաղված, որ սպանված զինվորների մայրերին ընդունել չի կարող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան