184 մլն դրամ` դպրոցների շենքային պայմանների բարելավմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2019 թվականի պետական բյուջեում: Այս տարվա ԿԳՄՍ նախարարության հատկացումների տնտեսման և վերաբաշխման արդյունքում 8 դպրոցներում կկատարվեն 184 մլն դրամի վերակառուցման ու շինարարական աշխատանքներ:
ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝
- Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի կառուցման համար կհատկացվի 70 մլն 520 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել ներքին ջրամատակարարման, կոյուղու, օդափոխության, կաթսայատան կառուցման, բետոնե եզրաքարերի և մետաղական ցանկապատի տեղադրման աշխատանքներ:
- Արարատի մարզի «Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի» կաթսայատան վերակառուցման աշխատանքների համար կհատկացվի շուրջ 12 մլն 331 հազար դրամ: Նախատեսվում է տեղադրել 220 կիլովատտ-ժամ հզորությամբ 2 ավտոմատացված ջրային գազայրիչով կաթսայի, պոմպերի և օժանդակ այլ սարքավորումներ:
- ü «Երևանի Գ. Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի» առաջին մասնաշենքի տանիքի վերանորոգման համար կտրամադրվի 27 մլն 817 հազար դրամ: Նախատեսվում է 570.4 քմ ցինկապատ թիթեղի, տեղադրում և մարզադահլիճի վերանորոգում:
- «Երևանի թիվ 195 ավագ դպրոցի» տանիքի վերանորոգման աշխատանքների համար կհատկացվի 33 մլն 985 հազար դրամ: Նախատեսվում է կառուցել 2017.83 քմ հարթ տանիք և 867 քմ ցինկապատ թիթեղ:
- Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման համար կհատկացվի 22 մլն 85 հազար դրամ: Նախատեսվում է տեղադրել 302.8 քմ ցեմենտ-ավազային հարթեցուցիչ շերտ, մետաղապլաստե դռներ, հարդարել պատերը, առաստաղն ու հանդերձարանները, վերանորոգել սանհանգույցները:
- Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոցի վերանորոգման համար կհատկացվի 2 մլն 802 հազար դրամ: Նախատեսվում է երկրորդ հարկի պատերի, առաստաղների հարդարում, դռների և տանիքի նորոգում:
- Սարդարապատի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար կհատկացվի 6 մլն 871 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել 4.87 խմ տանիքի կոնստրուկցիաների տեղադրում և հակահրդեհային պաշտպանություն, 358 քմ ցինկապատ թիթեղապատում, 40 մ ջրհորդանի կառուցում և հարդարման այլ աշխատանքներ:
- Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցին
- վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացման համար կհատկացվի 7 մլն 602 հազար դրամ: Դպրոցին ամրացված 3602.3 քմ շենք-շինությունները ունեն հրատապ վերանորոգման կարիք: Նախագծի մշակումից և սահմանված կարգով փորձաքննություն անցնելուց հետո շինարարական աշխատանքները կներառվեն հետագա տարիների պետական բյուջեում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ, պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է նաև 42 մլն 166 հազար դրամ հավելյալ գումար: Դրանով նախատեսվում է Ուսուցչի օրվա շրջանակում պարգևատրված 77 ուսուցիչների տրամադրել համակարգիչներ, ինչպես նաև լուծել ընթացիկ մի շարք հարցեր: