Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները
Միկրոէլեկտրոնիկայի 14-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է նոյեմբերի 6-ին Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ այս տարի մրցույթին մասնակցել է 34 մասնակից 18 երկրից՝ Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Գերմանիայից, Իրանից, Հորդանանից, Ֆիլիպիններից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ԱՄԷ-ից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից և Վիետնամից:
Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանդիսավոր երեկոյի ընթացում։ Օլիմպիադայի հաղթողներն արժանացել են մրցանակների:
Առաջին մրցանակակիր է դարձել Տոմա Գավրիշը՝ Սերբիայից:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Մուհամեդ Աբդելնաբի Ալլի Մահմուդ Զահերը` Եգիպտոսից:
Երրորդ մրցանակին արժանացել է Գլորիա Սեպանտան` Իրանից:
2006 թ.-ին մեկնարկած օլիմպիադան բացահայտում և խրախուսում է մինչև 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետների, կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացումը՝ Հայաստանում և մասնակից երկրներում: Երիտասարդ մասնագետների շրջանում օլիմպիադան մեծացնում է հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ՝ ստեղծելով ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք: Այն նաև օգնում է բացահայտել երիտասարդ մասնագետների՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով:
Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 518 երիտասարդ, 22 երկրից՝ Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Իրանից, Հորդանանից, Ֆիլիպիններից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից և Վիետնամից: Առաջին փուլի 518 մասնակիցներից 96-ը ներկայացրել են Հայաստանը:
«Անչափ ուրախ եմ այն փաստի կապակցությամբ, որ ունենք երիտասարդների մի այնպիսի սերունդ, որը պատրաստ է մեզ շրջապատող խնդիրների լուծման համար առաջարկել խիզախ ու նորարարական լուծումներ՝ միաձուլելով տեխնոլոգիան ու գիտությունը: Առավել ոգևորիչ է այն փաստը, որ այս օլիմպիադան իր շուրջը միավորել է հարյուրավոր պայծառ ուղեղների՝ աշխարհի տասնյակ երկրներից, ում մասին, վստահ եմ, դեռ կլսենք»,- ասել է օլիմպիադայի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս տարի ևս օլիմպիադայի մրցույթային ծրագրում ընդգրկվել են հետևյալ թեմաները. թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:
Արդեն ութ տարի, օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:
«Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը։
Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կայքը։