Վազգեն Մանուկյան. Ես սպեկուլյացիաների մեջ չեմ մտնի
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները 1994 թվականից հետո գնացել են բավականին ճկուն, 20 տարուց ավելի Հայաստանը վաստակել է կոնստրուկտիվ կողմի իմիջ, Ադրբեջանը՝ ձախողող: Հանրային խորհրդի նիստում «Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը՝ ոչ» թեմայով քննարկմանը հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
«2016 թվականին Ադրբեջանը տեսնելով, որ բանակցությունների միջոցով ոչ մի բանի չի կարողանում հասնել, իսկ հարցը հնանում է, սկսեց պատերազմ՝ Քառօրյա պատերազմը: Դա դիվերսիոն հարձակում չէր, մեծածավալ պատերազմ էր, Ադրբեջանը փորձել էր տեսնել՝ պատերազմի միջոցով կարո՞ղ են լուծել հարցը, թե՞ ոչ: Եթե կարողանային իրենց առաջին նպատակներին հասնել՝ ողջ ռազմաճակատով սկսվելու էր պատերազմ: Ցավալի է, ունեցանք կարուստներ, մենք տեսանք որոշ թերություններ մեր բանակում, որոնք պատերազմից հետո արագորեն սկսեցին մաքրել: Բայց Ադրբեջանը տեսավ, որ պատերազմով չի կարող հաղթել: Դա Ղարաբաղի և Հայաստանի հաղթանակն է: Մի երկու բարձունք կորցրեցինք. միշտ էլ ձեռքից ձեռք են անցել այդ բաները, տակտիկական, լոկալ հարցեր են: Ընդհանուր առումով ապացուցեցինք, որ պատերազմով չեն կարող հետ նվաճել այդ հողերը: Դրանից հետո մեր բանակցությունները մտան մեզ համար ավելի բարենպաստ փուլ»,- ասաց Վ. Մանուկյանը:
ՀԽ նախագահի խոսքով, հիմա անորոշություն է, չեն իմանում, թե ինչ բանակցություններ են, որն է տեսլականը, ինչ պետք է լինի:
«Այստեղ քննարկելու հարց կա, բայց ճիշտ կլինի եթե փակ նիստ լիներ վարչապետի հետ միասին: Դա վարչապետի հետ միասին քննարկելու հարց է»,- ասաց Վ. Մանուկյանը:
Այնուհետև նա առաջարկեց առանձին խմբերով քննարկել հարցն ու նոր ընդհանուր քննարկել ՀԽ նիստում:
ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ ունեն չկատարված հանձնարարություն կառավարության և վարչապետի կողմից:
«Կառավարության, վարչապետի հետ մեր առաջին հանդիպման ընթացքում վարչապետը խնդիրն այլկերպ է ձևակերպել: Վարչապետը հետևյալ հարցը դրեց. կառավարությունը որպես մեր պատվիրատու հանրային շահի վերհանման, ցանկացել էր իմանալ, թե որն է հասարակության ներսում ստատուս քվոն արցախյան խնդրի ամբողջ էլեմենտների վերաբերյալ»,- նշեց նա:
Ս. Սաֆարյանի այս հայտարարությունը զայրացրեց ՀԽ անդամ Արշակ Սադոյանին:
Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես սպեկուլյացիաների մեջ չեմ մտնի, ինձ չեք կարող դրդել այդ դաշտը: Ես ասացի իմ աստածը, լսեցիք, թե ինչ ասաց պարոն Սաֆարյանը, եթե հասկացաք, ինքն ինչ էր ասում: Խնդրում եմ՝ քննարկումների ժամանակ նաև պարոն Սաֆարյանի ասածը նկատի ունենալ: Ես չեմ ուզում ներքաշվել քննարկումների մեջ այն էլ նախկին իշպանություն, նոր իշխանություն»:
ՀԽ անդամ Կարինե Դանիելյանն ուղղեց Ս. Սաֆարյանին. «Ստյոպա ջան ստատուս քվո չէ, կոնսենսուս է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան