Այստեղ վախենալու առիթը ոչ թե սատանային անիմաստ ծեսերով կենդանացնելու մեջ է
Բանասիրական գիտությունների թեկնածու Ծովինար Խաչատրյանը գրել է. «Հայաստանում արհեստական բանականության ստեղծածն ավելի հանդուրժողական է ընդունվում, քան` բանականության տերերի երկունքը
Դանթեի «Աստվածային կատակերգությանը» 400 տարի պահանջվեց հանրաճանաչ դառնալու համար, Սերվանտեսի «Դոն Կիխոտը» 20 տարում հայտնի դարձավ Եվրոպային, Գյոթեին բախտն ավելի ժպտաց, նրա «Երիտասարդ Վերթերի տառապանքները» ընդամենը 5 տարում հանրահռչակվեց: Հարցը ժամանակը տարածությունը ու տեխնոլոգիաները չեն միայն, հարցը իրական արվեստ ստեղծելն է: Վիճակագրությունը փաստում է, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում աշխարհի մասշտաբով ստեղծված գրականության 80 տոկոսն ավելորդ է, իսկ 20 տարին մեկ մոռացվում է գրականության 99 տոկոսը: Վեր կանգնել է պետք պահի թելադրանքից, կամ առնվազն պետք է պահը թելադրող դառնալ, այլապես պրիմիտիվիզմը կուտի մեզ, ինչպես ժամանակին Անգլիայում ոչխարները կերան մարդկանց:
Զարմանալի կլիներ, որ հետհեղափոխական Հայաստանում արվեստի վերաբերյալ պատկերացումներն ու մոտեցումները մնային նույնը: Հեղափոխություններն են սնում արվեստը, սկզբում ժխտողականության անդառնալի հարվածներ են հասցվում մինչ այդ պահը եղածին, հետո գալիս է անորոշության, հետո ինքնագտնման կամ մոռացումի շրջանը: Սա արվեստի ստեղծման ու պատմական զարգացման կանոնն է, ժամանակ առ ժամանակ այն նորություն է ուզում, հետո մարսում ու անցնում առաջ: Մեր դեպքում սակայն չհաջողելու ինդեքսը շատ կանխատեսելի է ու որոշված: Պոստմոդեռնիստական աշխարհում անլուրջ ու տափակ ֆուտուրիստական գործերին ձեռք մեկնելը կարող է վտանգավոր լինել ոչ միայն այժմրոպեական քարկոծումների, այլև տենդենց դառնալու համար: Պատկերացնում եք մեկ դար առաջ ստեղծվել ու որոշակի կարճ կյանք է ապրել Ֆուտուրիզմը: Եթե ընդունենք, որ ֆուտուրիստների գլխավոր առաքելությունն ու նոր խոսքը համարվում էր շարժումը, իսկ ֆուտուրզմ բառը ոնց էլ թարգմանես կապ ունի ապագայի հետ, կարելի է ասել, որ շարժում սիրողները նաև անհամբեր էին ապագայի հարցում: Հետաքրքիր է, որ ֆուտուրիստների համար ժամանակը, ավելի ստույգ ապագան, ոչ թե տիեզերական ժամանակի հավերժության մի ծիրում թաքնված շատ հեռու մի բան էր, այլ արագ եկող ու արագ փոփոխություններ բերող մոտալուտ ապառնի: Այլ խոսքով` ֆուտուրիստները վստահ էին, որ հենց իրենց կենդանության օրոք կարող են տեսնել այդ ապագան:
Փաստորեն իրենց ժամանակին անլուրջ ընդունված ֆուտուրիստների համար մեկ դարը մոտավորապես ապագայի երկու սերունդ էր պարունակում ու այսօր նրանց «գերհզոր» տեսությունը որոշ մարդկանց թեթև ձեռքով հավասարացվում է զրոյի: Մի քանի բան ապացուցվեց, որ ամեն մոռացված հին չէ, որ կարող է նորացվել և Հայաստանը ոչ մի աղերս չունի չի էլ ունեցել ֆուտուրիզմի հետ, այն այստեղ անելիք չի ունեցել ու չի էլ կարող ունենալ: Այստեղ ուղղակի պետք է կանգ առնել ու հիշել, որ պոստմոդեռնիստական աշխարհում նախորդ դարի հետհեղափոխական բոլոր փուլերն անցնելու կարիք չկա: Ժամանակակից աշխարհը և իմաստուն հայ ժողովուրդը հաստատ կհամբուրեր այն ճակատը, ում կհաջողվեր այնպիսի պատվաստանյութ գտնել, որը միաժամանակ թույլ տար արագ ու անցավ վարակվել հետհեղափոխական փուլային հոսանքներով ու գտնել նոր ուղղություն, որը մգլած չէր լինի ու իր թարմությամբ հեռու կվաներ բոլոր տեսակի, անգամ մուտացիաների ենթարկված ընդդիմադիր ցեցերին:
Չկա այսօր նման բան: Երկու գիրք ավել կարդացածները իրենց արտոնում են անբարոյականության ու արժեդավության նոր սկզբունքներ, երկու գիրք պակաս կարդացածները փորձում են չհամակարգված պայքար մղել նրանց դեմ, իսկ երկու ձմեռ դպրոց գնացածները ինչպես միշտ բոլոր չհասկացած բաների անունը սատանա են դնում ու խաչակնքվում: Ստացվում է, որ մեր հայրենիքում արհեստական բանականության ստեղծածն ավելի լավ ու հանդուրժելի ընդունվեց, քան իրական բանակության տերերինը:
Այստեղ վախենալու առիթը ոչ թե սատանային անիմաստ ծեսերով կենդանացնելու մեջ է, այլ ընդունելու, որ չի կարող իշխանությունը լինել մոդեռնիզմի վերջին փուլում, իսկ լայն հասարակությանը մեղադրել պրիմիտիվիզմը մինիմալիզմից չզատելու ապաշնորհության մեջ: Վտանգը սեփական ժողովրդի հետ վերևից ու անհասկանալի լեզվով խոսելն է ու անբովանդակ տգիտությունը միայն ընտրյալներին հասկանալի հնացած թեզով փաթեթավորելը: Ինքնանպատակ յուրաքանչյուր գործ հակադրության է արժանանալու, ինչպես ժամանակին շատ արագ մաղվեցին հակահերոս, հակավեպ ու դեկադանսը դրոշակ դարձրածները: Շատ հաճախ գրական հերոսներին մարդիկ գտնում են այնպիսի անսպասելի վայրերում, որտեղ հենց նրանց ու հեղինակի հաշիվները մաքրվել էին...»։