Հանրային վայրերում ծխողը կտուգանվի 50 հազար, իսկ ծխախոտ գովազդողը՝ 800 հազար դրամով
Ազգային ժողովում քննարկվող «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական նպատակը բնակչության առողջության պահպանումն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ հավելելով, որ նախագծի փաթեթը մինչև ԱԺ ուղարկելը մի քանի անգամ դրվել է հանրային քննարկման։
Խոսելով օրենքով սահմանված տուգանքներից՝ փոխնախարարն ասաց, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար կգործեն տարբեր տեսակի տուգանքներ։
«Օրինակ, եթե անձը ծխում է չթույլատրված վայրում՝ ռեստորանում, նրան զգուշացնում են չծխել, բայց եթե դրանից հետո էլ շարունակում է ծխել, ապա ֆիզիակական անձն այդ ժամանակ կտուգանվի 50 հազար դրամով։ Իսկ եթե ռեստորանի ղեկավարությունը չի զգուշացնում իր հաճախորդներին, որ ծխելն արգելվում է, ոստիկանությունն էլ հայտնաբերում է, որ տարածքում ծխում են կամ էլ ահազանգել են ոստիկանություն, ապա այդ դեպքում ռեստորանի ղեկավարությունը կտուգանվի 150-200 հազար դրամով»,- ասաց Լենա Նանուշյանը։
Փոխնախարարը նշեց, որ հեռուստատեսությամբ ծխախոտի գովազդի դեպքում ավելի բարձր տուգանքներ են սահմանված՝ 700-800 հազար դրամ։
Նոր օրենքով նաև կարգելվի ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Այսինքն՝ շատ խանութներում ու սուպերակետներում աչքի ընկնող և ծխախոտներով բեռնված «ստենդ»-երը չեն լինի:
Լենա Նանուշյանը նշեց, որ առաջին անգամ օրենքի նախագծում նախատեսել են նաև դրույթ, որով բժշկական օգնություն կտրամադրվի այն անձանց, որոնք ցանկանում են հրաժարվել ծխախոտից։
«ՄԵնք ծխողների դեմ երբեք չենք պայքարում։ Հասկանալով խնդրի կարևորությունը, օրենքի նախագծով փորձում ենք նվազեցնել ծխախոտի օգտագործման բացասական ազդեցությունը։ Անվիճելի է այն,որ ծխատոտը կարող է առաջացնել կոկորդի, թոքերի քաղցկեղ։ Դա վաղուց ապացուցված է և բազմաթիվ երկրներ այդ ուղղությամբ քայլեր են իրականացրել, որի արդյունքն այսօր տեսնում ենք»,- ասաց փոխնախարարը։
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ օրենքի նախագիծն առաջին անգամ որոշակի սահմանափակումներ է մտցնում նորարարական ծխախոտային արտադրատեսակների և էլեկտրոնային սիգարետների վաճառքի մասով։ «Դա շատ կարևոր քայլ է, քանի որ դա նույն ծխախոտն է, որը նոր սպառողին ներգրավելու միտում ունի։ Բոլոր մարկետինգային քայլերն ուղղված են հենց դրան»,- ասաց նա։
Ալեքսանդր Բազարչյանի խոսքով՝ նախագծի փաթեթի մշակման ընթացքում աշխատել են մի շարք երկրների, ԱՀԿ-ի փորձագետների հետ։ «Այս օրենքը 20 կամ 30 տարվա փորձի արդյունք է»,- ընդգծեց նա։
Նա նաև նշեց, որ դեռ նախագիծը չընդունված, ներկայումս Հայաստանում տասնյակ ռեստորաններ, ժամանցի վայրեր արդեն իսկ անցել են առանց ծխելու ռեժիմին, ինչը ողջունելի է։