Այս հոկտեմբերին նախորդ հոկտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 12.6 տոկոսով
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 298,300 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.6 տոկոսով:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ 2019թ. հոկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 14.6 տոկոսով: Եթե 2018թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 249,857 ուղևոր, ապա 2019թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 286,227 ուղևոր:
2019 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,073 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,067 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 19.9% տոկոս:
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,695,266 մարդ, որը 11.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 14.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: