Օպերայի և բալետի թատրոնում մեծ տոն է սպասվում
Այսօր Երևանում առաջին անգամ ելույթ կունենա Կաունասի պետական երգչախումբը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կներկայացվի Վ.Ա.Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Համերգը կղեկավարի Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Կաունասի պետական երգչախումբը Եվրոպայի լավագույն երգչախմբերից է, որի 50-ամյակն է նշվում այս տարի: Կաունասի պետական երգչախմբի հայաստանյան ելույթը նվիրվում է երգչախմբի գեղարվեստական ղեկավարի և դիրիժոր Պետրաս Բինգելիսի ստեղծագործական գործունեության 50-ամյակին:
Կ. Օրբելյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 12-ին օպերայի և բալետի թատրանում կայանալու է Ալեքսեյ Շորիի «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացման պրեմիերան:
«Մեծ տոն է սպասվում»,- ասաց նա: Կ. Օրբելյանի խոսքով, դերասանների զգեստները, շքեղ դեկորացիաները բոլորը նոր են ու պատրաստված հենց հայաստանյան ներկայացման համար:
Սցենարը և խորեոգրաֆիան՝ Եկատերինա Միրոնովայի և Ալեքսանդր Սոմովի: Փոխադրող բալետմայստերներն են՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Մուրադյանը և Սոնա Առուստամյանը: Բալետային ներկայացումում հանդես կգան Ռուբեն Մուրադյանը, ՀՀ վաստ. արտիստ Մերի Հովհաննիսյանը, նաև՝ Տաթևիկ Բոլշիկյանը, Դիանա Հարությոնյանը:
Բալետը ներկայացնում է պալատական զույգ ծաղրածուների սիրո պատմությունը։ Գործողությունը ծավալվում է XVIII դարում, Սանկտ Պետերբուրգում՝ ռուսական կայսրուհի Աննա Իոանովնայի փոթորկահույզ կառավարման ժամանակաշրջանում։ Բալետի սյուժեի հիմքում ընկած է թագուհու կառավարման օրոք տեղի ունեցած մի պատմական դրվագ. նա որոշում է ամուսնացնել իր այդ ծաղրածուներին Նևայի գետափին կառուցված սառցե դղյակում
Մինչև տարեվերջ, Օրբելյանի խոսքով, օպերայի և թալետի թատրոնը հանդես կգա մի քանի համերգային ծրագրերով, Ամանորյա ծրագրի մասին դեռ մտածում են:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ իրենց ցանկությունն է, որպեսզի այն օպերաները, որոնց համերգային կատարումներով են հանդես եկել, վերածվեն բեմադրությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին