Արծվիկ Մինասյան. Հրապարակային հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բոլորի ուշադրությունը հրավիրեց Արայիկ Հարությունյանի պահածքի վրա։
«Նա փորձեց երիտասարդների ազնիվ ընդվզմանը որակումներ տալ, այն դեպքում երբ ոլորտում իրականացվող քաղաքականության շահառուն հենց երիտասարդությունն է։ Պարզ ու բնական է, որ երիտասարդությունն իր պոռթկումը, ընդվզումն արտահայտում է, և սա կրթության պատասխանատուի կողմից որակել ամենատարբեր բնորոշումներով, ինչպես նաև կուսակցականացնել, նշանակում է՝ մարդը չի տիրապետում իրավիճակին, մարդը չի հասկանում, թե որտեղ է գտնվում և ինչ գործառույթներ ունի»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Որպեսզի իր հայտարարությունները հռետորական չհնչեն, Մինասյանը ընթերցեց կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքից կոնկրետ հատված.
«Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության գործառույթն է՝ մշակել և իրականացնել լեզվի, ժողովրդի հոգևոր ու մտավոր ներուժի ամրապնդման, երիտասարդների հոգևոր մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտության մակարդակի բարձրացմանն ուղվված կառավարության քաղաքականությունը»։
Դաշնակցական գործիչը պնդեց, այն, ինչ անում է Հարությունյանը, ուղիղ հակառակ է այդ ամենին, ստացվում է, որ նա գործում է նաև հակաօրինական ընթացքով։
Բացի այդ, Մինասյանն ընդգծեց, որ երիտասարդների պայքարը կուսակցականացնելով, Արայիկ Հարությունյանը շատ պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել պայքարը, որտեղ ոչ թե կուսակցականացումն է, այլ՝ ազգային գիտակցությունն ու ազգային ինքնությունը։
«Պատահական չէ, որ այս ոլորտի կարևոր դերակատարները՝ մտավորականները, դասախոսները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այն առաջարկությունների ու քաղաքականության վերաբերյալ, որ նախարարության ու անձամբ Արայիկ Հարությունյանի կողմից դրվում է շրջանառության մեջ։ Սա վկայումէ այն մասին, որ այս մարդը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև կանխամտածված օտարածին օրակարգի սպասարկում է իրականացնում՝ կտրել ազգային ինքնությունից մեր ժողովրդին, երիտասարդությանն ու մատաղ սերնդին։ Խելացի իշխանությունն այսպիսի ընվզումներն ընդունում է որպես կարևոր ազդակ, երիտասարդների պոռթկումը հասկանում է որպես երիտսադության շնչառություն, այսինքն կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունը խելացի էլ չի»,-ասաց դաշնակցական գործիչը։
Հիշեցնենք, որ երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, ասել էր.
«Այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Հայաստանից դուրս եղած դաշնակցականները շատ ադեկվատ են, պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչն այստեղ չեմ տեսնում: Ճիշտն ասաց, այն արկղերը, որոնք երեկ բերել էին, կարող եմ լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են ոլորտին և հետ ուղարկեմ իրենց»։
Ինչ վերաբերում է արկղերը քրեական գործերով լցնելու մասին Արայիկ Հարությունյանի սպառնալիքիներին, ապա Մինասյանը հիշեցրեց, որ առաջաին անգամ չէ, որ հնչում են։
«Ես հիմա հրապարակային հայտարարում եմ, որ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, թող հոդվածն ինքը որոշի, բայց առնվազն երկու հոդված կա, ինքն ընտրության հնարավորություն ունի՝ կամ սուտ մատնության հոդվածը, կամ էլ հանցագործություն է պարտակում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, հակառակ դեպքում Հարությունյանի այդ հայտարարություններն ունեն մեկ նպատակ, քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ։
«Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք անպատասխանատու մի անձնավորության հետ, որը ցավոք, Հայաստանի իշխանության վարկաբեկման, հեղինակազրկման գործընթաց է սկսել»,-ասաց Մինասյանը։
Նա հայտարարեց, որ երիտասարդների ցասումն աջակցություն է ստանալու Հայաստանի բոլոր բնակավայրերում ու հասարակության բոլոր շերտերում։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական կառույցները շարունակում են զորակցել Հայաստանի ուսանողական շարժմանը
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- Ս. Պարսյան. Արայիկ Հարությունյանը փորձում է պարտադրել իր արժեհամակարգը
- Նախարարը որոշել է ակցիայի մասնակիցների արկղերը քրգործերով լցնել և հետ ուղարկել