Գևորգ Դանիելյան. Կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը առանց զեկուցման ներառվեց և հաստատվեց Կառավարության նիստում
Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը մտահոգված է, որ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ Լանզարոտի կոնվենցիայի կրթական հատվածին և վարույթներին վերաբերող դրույթներն իրացվելու են բոլորովին այլ տրամաբանությամբ:
Նա գրել է.
««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ Լանզարոտի կոնվենցիան չի կարող դիտարկվել, որպես վերացական, իրական զարգացումներից կտրված սոսկ իրավական փաստաթուղթ:
Այն բովանդակում է այնպիսի դրույթներ, հատկապես, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ մասով (6-րդ հոդված), որոնք մեր օրերում արդեն իսկ խիստ խեղաթյուրված ու անհարկի տարածական են ընկալվում դրա նախաձեռնողների ու համակիրների կողմից (հիշենք կոնվենցիայի վավերացումից առաջ հանրության տրամադրությունները շոշափելու համար հրապարակ նետված «Իմ մարմինն իմ անձնական է» գրքի շնորհանդեսը)՝ դրանից բխող բոլոր վտանգներով հանդերձ: Այսպիսով, երեխաների իրազեկման պատրվակով, ոմանք, հենվելով երեխաների կրթությանը վերաբերող այս կոնվենցիայի ԽԻՍՏ ԱՆՈՐՈՇ ՆՈՐՄԵՐԻ վրա, անխուսափելիորեն փորձելու են մանուկներին հրամցնել այնպիսի նյութեր, որոնք ոչ թե կբարձրացնեն նրանց զգոնությունը, այլ կարթնացնեն անառողջ հետաքրքրասիրություն, ինչի արդյունքում ունքը դզելու փոխարեն աչքն ենք հանելու:
Կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը առանց զեկուցման ներառվեց և հաստատվեց Կառավարության նոյեմբերի 7-ի նիստում:
Կոնվենցիան՝ այդ բնույթի միջազգային փաստաթղթերին բնորոշ ոճով, բովանդակում է ծավալուն գրավիչ դրույթներ՝ երեխաների սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանության մասին: Ընդ որում, խոսքն այնպիսի դրույթների մասին է, որոնք անհրաժեշտ համամասնությամբ արդեն իսկ ամրագրված են հայրենական օրենսդրությամբ: Այդ տեսանկյունից այն մեզ համար որևէ իրավական արժեք չունի, և առնվազն համոզիչ չեն հիմնավորումների մեջ բերված այն պնդումները, թե կոնվենցիան հնարավորություն կտա վերափոխելու օրենսդրությունը, քանզի օրենք ընդունելու իրավասությունն արդեն իսկ վերապահված է խորհրդարանին, դրա համար հարկ չկա միջազգային պայմանագիր ընդունել:
Ավելի քան համոզված եմ, որ կոնվենցիայի դրույթները դժվար կլինի ճանաչել Սահմանադրությանը հակասող, միակ ու մեծ մտահոգությունս միայն այն է, որ կրթական հատվածին և վարույթներին վերաբերող դրույթներն իրացվելու են բոլորովին այլ տրամաբանությամբ: Պատահական չէ, որ հիմնավորումներում ակնարկ անգամ չկա կրթական համակարգի մասին, թեպետ՝ միակ նորույթը հենց դա է լինելու...»։