Կոնստանտին Օրբելյան. Մեր արտիստներին ճանաչում են դրսում ու պահանջված են
Ուղիղ մեկ ամիս առաջ դատարանը վճռել էր, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը պետք է վերականգնվի իր պաշտոնում՝ թատրոնի տնօրեն: Վճիռն օրինական ուժի մեջ էր մտնում հրապարակելուց 30 օր հետո, այսինքն այսօր: Լրագրողների հետ հանդիպմանը Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ, թեև այսօր լրացել է ժամկետը, բայց դեռ չի վերականգնվել իր պաշտոնում, այժմ թատրոնի տնօրենի պաշտոնակատարն է Կարինե Կիրակոսյանը:
«Այսօր լրացել է ժամկետը, բայց կարող է ասեն՝ փաստաթղթերը ստացել ենք մի քանի օրից կամ նման բաներ: Տեսնենք»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության (այժմ արդեն՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի դեմ։ Նրա պահանջն էր՝ անվավեր ճանաչել մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանը, վերականգնել աշխատանքի և վճարել պարապուրդի գումարը։ Դատարանը բավարարել էր Օրբելյանի պահանջները:
Նա նշեց, որ չգիտեր՝ ինչ սպասեր դատարանից:
«Երբ Նազենի Ղարիբյանն ինձ հանեց աշխատանքից, որպես պատճառ նշում էր, թե իբրև ես օրենքի խախտմամբ եմ նշանակվել թատրոնի տնօրեն: Բայց ո՞ւմ էր հետաքրքրում, որպեսզի ինձ օրենքի խախտմամբ նշանակեր թատրոնի տնօրեն: Ցանկացած դեպքում, եթե նույնիսկ կառավարությունը, ենթադրենք, սխալ է եղել, ես ի՞նչ կապ ունեմ: Սակայն դատարանն ապացուցեց, որ օրինական է եղել իմ նշանակումը»,- նշեց Կ. Օրբելյանը:
Նրա խոսքով, երբ իրեն ազատել են աշխատանքից, թատրոնից հովանավորները հեռացել են, քանի որ՝ «ասում էին՝ ձեզ ենք ճանաչում, ձեզ ենք վստահում»:
«Հովանավոր բերելը դժվար է, գնալը հեշտ է, կրկին բերելն՝ ավելի դժվար»,- ասաց նա:
Կ. Օրբելյանը հույս ունի, որ կրկին հովանավորները կվերադառնան թատրոն:
Նա ընդգծեց, որ ընդհանրապես մշակութային օջախներն իրենց թիկունքում պետք է զգան պետության օգնությունը:
«Մեր թատրոնի տանիքից կաթում է, ամռանը շոգ է, բալետի պարողները շոգից ուշաթափվում են: Նորմալ օդափոխություն է պետք: Կան բաներ, որոնք պետք է արվեն թատրոնի համար ու որոնք այնքան կարևոր է, ինչքան օդը: Ամբողջ հայերի միակ օպերային թատրոնն է: Մի՞թե այդքան դժվար է միջոցներ գտնել, որպեսզի այս թատրոնի խնդիրերը լուծվեն»,- ասաց Կ. Օրբելյանը:
Նրա նշեց, որ իր ուժերի չափով ամեն ինչ արել է թատրոնի համար, համերգներ է կազմակերպել, հրավիրել է մասնագետներ, արել է ամեն ինչ, որպեսզի թատրոնի դերասաններն իրենց պահանջված զգան, ցանկանան մնալ այստեղ, ոչ թե մտածեն ուր գնան մի երկու կոպեկ աշխատելու համար:
«Մեր արտիստները բարձր մակարդակի վրա են, նրանց ճանաչում են դրսում ու պահանջված են»,- ասաց օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Կ. Օրբելյանը կարևորում է, որ հայկական ներկայացումներն արվեն ամենաբարձր մակարդակով, քանի որ հայկական ներկայացումներ կարող են տեսնել միայն այստեղ, մինչդեռ «Կարմեն» և «Տոսկա» կարող են դիտել աշխարհի ցանկացած երկրի թատրոնում:
«Մշակույթին պետք է աջակցել»,- ընդգծեց Կոնստանտին Օրբելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի
- Նազենի Ղարիբյանը՝ ոչ փոխնախարար, ոչ օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
- «Նազենի Ղարիբյանն աշխատում է հայ մշակույթի դեմ»
- Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին
- Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը
- Կոնստանտին Օրբելյանը դիմել է դատարան
- Նիկոլայ Ծատուրյան. Աղաչում եմ տիկին Նազենի Ղարիբյան, հեռու մնացեք Ֆուրցևայից
- Նազենի Ղարիբյանը նոր «մշակույթ» է հնարել՝ փակել, կպցնել իրար, ոտնատակ տալ
- Կոնստանտին Օրբելյանը դասական երաժշտության Իզրոթել միջազգային փառատոնի գլխավոր արտիստների շարքում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան